«Ես էլ սուրբ չեմ եղել, քանի որ համակարգն է էդպիսին եղել». Պարգև Օհանյանը դատավորի ձերբակալության մասին

17:54 • 28.10.16

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով փողոցում 1000 ԱՄՆ դոլար գումար կաշառք վերցնելու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեպքին, ասաց որ դատական համակարգում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում և անձամբ ինքն էլ առնչվել է այդ խնդրին դատավոր աշխատելու ժամանակ: Պարգև Օհանյանն անգամ գիրք է գրել՝ որտեղ շարադրել է իր մեղքերը, որոնք գործել է դատավոր աշխատած տարիներին, քանի որ, ինչպես ինքն է ասում, «սուրբ չի եղել, քանի որ համակարգն է էդպիսին եղել»:

Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ: 


-Պարո՛ն Օհանյան, կարծում եք,  սա հենց ա՞յն է, ինչ պետք է արվի դատաիրավական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, հատկապես, որ խոսքը 1000 դոլարի մասին է, մինչդեռ դատական համակարգում խոսվում է10-նյակ հազարավոր դոլարանոց կաշառքների մասին:

-Էնպես չի, որ Իշխանը կաշառակեր է, մյուսներն արդար են, և դա էլ պայքարի ձև չի: Բայց նաև, ինչ որ տեղ էլ զգաստացնելու միջոց է, և այլ կերպ պետությունը չի էլ կարող վարվել: Դա կարելի է ասել, կոռուպցիայի տրադիցիոն ձևն է և պատիվ չի բերում ոչ մի համակարգի: Կաշառքը կաշառք ա, ցավոք, ինքնս էլ արդարացնող ոչինչ չեմ գտնում, թեև դատելու կողմնակից չեմ: Եթե իմ ժամանակ աշխատավարձը 160 հազար էր, հիմա բավական բարձր աշխատավարձեր են ստանում և արդարանալու տեղ չկա դատավորներին: Հավանաբար չափն է անցել:

-Իսկ իրական կոռուպցիոն սխեմաները ինչպիսի՞ն են դատաիրավական համակարգում, Ձեր կարծիքով:

- Կոռուպցիոն սխեմաներ դատական իշխանության մեջ ես չեմ ճանաչում: Գոյություն ունի հասարակ կաշառքի տեսքով կոռուպցիա: Չափերի մասին դատողություններ անել չեմ կարող:

- Ասվում է, որ Իշխան Բարսեղյանն այսօր բավական խոցելի վիճակում է՝ վարկերի տակ է, տունը կորցրել է, ինչո՞ւ հենց նրա կերպարն ընտրվեց, Ձեր կարծիքով:

- Ես չեմ կարծում, որ հատուկ ընտրություն է կատարվել: Մոտիկից իրեն չեմ ճանաչել:

Ցավալի է, որ մարդը նման վիճակում է հայտնվել:

-Սա ի՞նչ ազդակ կարող է լինել մյուս դատավորների համար:

-Դե, հո առաջինը չի, վերջինը չի, էլի եղել են էդպիսի դատավորներ, սկսած հենց ինձանից: Էս բոլորն էլ կարող է լինել ազդակ, թող լինի լավ իմաստով, որ զգուշանան, կաշառքից հեռու մնան ու փորձեն ապրեն էն միջոցներով, որ օրինական ստանում են, բայց դժվար է:

-Իսկ վերադասի կամ քաղաքական պատվերները ի՞նչ ճանապարհով պետք է վերանան դատաիրավական համակարգից:  

-Մեր պես փոքր երկրներում, որտեղ մարդիկ անկուշտ են, բնականաբար կլինեն միջամտություններ, ու քանի դեռ դատական իշխանությունն էլ անկախ չի, ամեն վայրկյան կարող է ընկնի հարվածի տակ տարբեր ձևերով: Քրեական գործերով դատախազությունն է թելադրում, քաղաքացիական գործերով դատավորներն ամեն դեպքում անկախ չեն, վերադաս ատյանները չեն աջակցում: Դատավորը որքան էլ արդար վճիռ կայացնի, կարա գնա Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում բեկանվի և դատավորն էլ հայտնվի արդարադատության խորհրդում: Կոռուպցիայի դեմ պետք է խորքային պայքարել: Մեկ-երկու «սլաքավարի» մեղադրելով կոռուպցիայի դեմ չես պայքարի: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ լուրջ, համակարգային՝ սկսել վերևից, իջնել ներքև: Դրա համար նաև պետք է սոցիալական ապահովվածություն, որը չկա: Եթե մարդը պիտի հեռու լինի կաշառքից, կոռուպցիայից, պիտի իրեն ապահովված զգա, նաև ինչ-որ տեղ աշխատանքային գործունեությունից հետո և փորձի համեստ ապրել, իսկ մենակ ամբարտավան հասարակություն ենք կառուցում, իրար մրցակից, թե ում տունը ումից ա շքեղ, ում մեքենան, ում մեքենայից: Էդպես ծաղկում է կոռուպցիան:

-Պարո՛ն Օհանյան, մի քանի տարի առաջ Վիկիլիքսում նաև Ձեր անվան հետ կապված կոռուպցիոն հրապարակումներ եղան: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Անկեղծ ասած՝ չեմ կարդացել: Չեմ կարող հստակ ոչինչ ասել, մինչև հստակ չիմանամ՝ ինչի մասին է խոսքը: Համենայն դեպս, ես անգամ գիրք եմ հրապարակել, որը կարող եք ձեռք բերել, «Բուկինիստում» վաճառվում ա, և խոստովանել եմ իմ մեղքերը:

-Ձեր անվան հետ կապված անգամ 1 մլն դոլարի շուրջ էր գնում խոսակցությունը:

-(Ծիծաղում է): Ես ինչ ասես լսել եմ, անգամ՝ կեսից- 2 մլն: Ասելիք չունեմ: Էնպես չի, որ ես սուրբ եմ եղել, որովհետև համակարգն է եղել էդպիսին: Բայց դե արդարացված էլ չի, չգիտեմ: Հիմա ես վտանգ ինձանից չեմ ներկայացնում, ես ապաշխարում եմ: Հիմա պետք է մտածեն նրանք, ովքեր էդ երկընտրանքի առաջ են:

-Իսկ այդ համակարգը, Ձեր կարծիքով, փոխվե՞լ է, թե էլի նույն ձևով գործում է, ինչպես Ձեր ժամանակ: 

-Համակարգը չի կարող փոխվի: Համակարգը ամբողջ պետությունն է կոռումպացվածությամբ: Կոռումպացվածը կոռումպացվածին բռնի՞, կաշառակերը կաշառակերին բռնի՞, տենց պայքար կլինի՞ կաշառքի դեմ: Չի լինի: Այլ հարց է, որ ներքին չգրված օրենքներով բռնվի նա, ով չարաշահում է: Ասենք՝ տարեկան 10 անգամի փոխարեն 20 անգամ է կաշառք վերցնում: Կամ իրեն զգուշացնում են ակնարկներով, բայց ինքը շարունակում է: Բայց կուզեի լավատես լինենք, որ մեր երկրում դրական փոփոխություններ են սպասվում: