Արդյո՞ք տպարանի շենքն էլ էր «սարայ». Թամար Հովհաննիսյան
Տպարանի շենքի քանդումը հակամշակութային, պատմությունը չարժևորելու, երևանցուն չհարգելու քաղաքականության արտացոլաքն է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։
«Շատ ճիշտ կլիներ այս պարագայում լսել «իսկական երևանցի» ու թերևս միայն այս հանգամանքով պայմանավորված ու միայն սա իր արժանիքը համարող, տխրահռչակ ճարտարապետ Լևոն Իգիթյանի խոսքը, թե արդյոք սա՞ էլ «սարայ» էր: Գալով ինձ, իմ կարծիքով «սարայ» է Լևոն Իգիթյանի ուղեղը, եթե այն գոյություն ունի»,- ասաց նա:
Թամար Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հին Երևանից ոչինչ չի մնացել։
«Հիմա քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, տեսնում եմ հողակույտեր և պաստառներ՝ «ավելի բարեկարգ Երևան»: Ի հակառակ պաստառի բովանդակությանը իմ սիրուն, փոքրիկ, վարդագույն Երևանը պատվել է կանաչ-կապույտ պլպլան ապակեպատ երկնաքերներով: Մարդիկ, որոնք իրենց կյանքում միայն Դուբայը տեսան, որպես քաղաքակրթության կենտրոն, փորձում են իրենց խելքով «բարեկարգել» Երևանը»,- նկատեց Թամար Հովհաննիսյանը:
Դերասանուհին կարծում է, որ քաղաքապետարանը վերջին 15 տարվա ընթացքում գործում է միայն «փողի» բանձևով և առուծախի գործարքներ է կատարում՝ անտեսելով հանրային շահը։
Թամար Հովհաննիսյանը շեշտեց, որ տպարանի շենքի նման կառույցները քանդելուց առաջ պետք է հանրային լսումներ լինեն՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար։
«Քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցները հողին են հավասարեցնում և ասում, թե մենք ավանդապաշտ ենք: Նախ՝ ավանդույթը չեն պաշտում, պահպանում են, ուրեմն ավանդապահ, բայց չե՛նք, ավանդույթները հողին ենք հավասարեցնում: Քաղաքը պատմություն, հիշողություն ունեցող կենդանի օրգանիզմ է: Քաղաքը յուրաքանչյուրիս հետ ապրած մարմին է»,- ասաց նա:
Դերասանուհին կարծում է, որ հասարակությունը պետք է արժանի գնահատական տա, որպեսզի քաղաքի պատմությունը «ոչնչացողները» պատժվեն։
«Այս ամենի համար պատասխան պիտի տան մարդիկ, որոնք իրավունք չունեն և անում են, որոնք զավթել ու չեն հեռանում, որոնք մխտռում են ամեն քայլափոխի, որոնք իրավունք չունեն ապրելու այս քաղաքում, այս երկրում և ընդհանրապես որևէ երկրում, նրանց տեղը բանտախուցն է»,- ամփոփեց նա:










