Թափանցիկության և խաղի կանոնների հստակեցման կարիք կա. փոխնախարարը առողջապահության ոլորտի մասին
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Առողջապահության նախարարության առաջիկա ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարության ծրագրի առողջապահության ոլորտի դրույթներին: «Խաղի կանոնների հստակեցման լուրջ աշխատանքի կարիք կա: Կարճ լուծումներ և արագ լուծումներ բժշկական ծառայության մատուցման ոլորտում չեն կարող լինել, սակայն կարելի է հստակ քայլեր կատարել և արդյունքներ ստանալ միջնաժամկետ հատվածում»,-ասում է նա:
-Նախքան փոխնախարարի պաշտոնում Ձեր նշանակվելն արդեն մամուլում հայտնի էր դարձել, որ Դուք աշխատանքի եք գալիս հեծանիվով, հրաժարվել եք քարտուղարուհուց և Ձեր համար նախատեսված աշխատասենյակից։ Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված:
-Անձնական մեքենա ունեմ, սակայն առհասարակ քիչ եմ օգտվում, շաբաթական մեկ կամ երկու անգամ: Քարտուղարուհի երբեք չեմ ունեցել, պարզապես չպատկերացրի, թե ինչ պետք է նա անի, որը ես չեմ կարող անել, բացի այդ, այս սենյակում էլ այնքան էլ հարմարություններ չկան քարտուղարուհի ունենալու համար: Սակայն աշխատասենյակը ես եմ ընտրել, քանի որ այն շատ մոտ է նախարարի աշխատասենյակին, իսկ աշխատանքի մեծ մասը նախարարի հետ է կապված:
-Չե՞ք կարծում, որ կարող է PR քայլ կընկալվի Ձեր այս մոտեցումը, հաշվի առնելով, որ օրինակ՝ տեխնիկական որոշ խնդիրներ կարող է լուծել քարտուղարուհին, և արդյունքում Դուք կարող եք ժամանակ խնայել և նման հարցերով չծանրաբեռնվել:
-Ես չեմ գտնում, որ դա ինձ ծանրաբեռնում է: Ինչ վերաբերում է PR-ին, ապա ինձ ճանաչող բոլոր մարդիկ էլ գիտեն՝ թե՛ հեծանիվ քշելը, թե՛ քայլելը միշտ էլ եղել է: Այսինքն՝ ես ոչինչ իմ կենսակերպում չեմ փոխել, որ դա ընկալվի որպես PR քայլ: Եթե ես անփույթ հեծանիվ վարելով գայի և ասեի, որ այնտեղ մի տեղ Դանիայում հեծանիվ են վարում, դրա համար եմ այդպես եկել, հնարավոր է PR ընկալվել, սակայն հեծանիվ քշում եմ 15 տարի: Նույնիսկ նախարարի հետ, որ խոսում էինք իմ գալու մասին, նա ասաց, որ միակ պայմանն այն է, որ ոչ մի կերպ չփոխվես և հենց տեսնեմ փոխվում ես` գործից կհանեմ:
-Մինչ այս Դուք նախարարի հետ աշխատել եք «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, ըստ Ձեզ՝ հատկապես ո՞ր հատկանիշների համար է առաջարկվել այս պաշտոնը և առողջապահության ոլորտում ի՞նչ ներդրում կարող եք ունենալ:
-Իմ ոլորտը ֆինանսներն է. այն, ինչ կապված է թվերի հետ։ Եվ առողջապահության ոլորտը հսկայական պետական միջոցներ է տնօրինում, որոնց արդյունավետությունը գնահատելու համար սթափ ֆինանսիստի հայացքը չի խանգարում ոչ մի գործում:
-Ձեր սթափ հայացքով ի՞նչ եք կարծում, որտե՞ղ պետք է կրճատումներ անել, որտե՞ղ եք տեսնում, որ գումարները փոշիանում են, կամ հիմնավորված չեն։
-Ես շատ չեմ ուզում կենտրոնանալ, թե ինչն է անցյալում վատ եղել, ցանկացած հարցին սովորություն ունեմ անդրադառնալ զրոյից: Հիմա մեծ աշխատանք ենք տանում, մի քանի հանձնաժողովներ են ստեղծվել, որտեղ զրոյից վերանայում ենք պրոցեսները՝ չխանգարելով բնականոն ընթացքը:
-Հիմա այս պահին ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Բոլոր ծախսերի մասով մենք կաշխատենք բացարձակ հրապարակային և երբ գանք արդյունքի` կիմանաք: Կլինեն որոշակի կրճատումներ ծախսերի, որոշ տեղերում ավելացումներ, վերաբաշխումներ:
-Կոնկրետ Դուք ի՞նչ ծագրերով եք եկել նախարարություն, ի՞նչ գաղափարներ ունեք:
-Մեր ծրագրերն ամփոփված են կառավարության ծրագրի մեզ վերաբերող դրույթներում, որոնց կազմման գործընթացում մենք մեր գործուն մասնակցությունն ունեցել ենք: Մասնավորապես, պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման հետևում կա 77 միլիարդ թիվ՝ բժշկական ծառայությունների համար: Ներկայումս լուրջ աշխատանք ենք տանում, պարզելու թե որքան հասցեական է դա, առաջնահերթությունները որքանով են ճիշտ արված: Թափանցիկության բարձրացումը հռետորական բան չէ, դրա համար հսկայական աշխատանք է նախատեսված, պետք է իրականացվի գների ուսումնասիրություն, բուժկենտրոնների մատուցած ծառայությունները, վերջապես, եթե վճարում ես, պետք է թելադրես: Մի կողմից քաղաքացիների իրազեկվածությունը պետք է բարձրացնել պետպատվերի հարցում: Առողջապահական էլեկտրոնային համակարգի էությունն այն է, որ ստեղծվում է ընդհանուր էլեկտրոնային պլատֆորմ, որի վրա բոլոր բուժհիմնարկները՝ սկզբում պետպատվերի շրջանակներում քաղաքացու հետ կապված ցանկացած գործողություն առանձին «պրոֆայլի» մեջ գրանցվում է և ծրագրի վերջում էլեկտրոնային համակարգի միջոցով կարող եք տեսնել, թե ինչ են արել:Իսկ գրանցումների համակարգը մի կողմից ֆինանսական թափանցիկության է բերում, կոռուպցիոն ռիսկերի նվազում և այլն, մյուս կողմից մարդիկ հիշում են, թե նախկինում ինչ բուժզննում են անցել: Այսինքն` ծրագրի մեջ ցանկացած քայլ մեկը մյուսի հետ շաղկապված է:
-Կառավարության ծրագրում նշված է, որ ոլորտում որակական աճի ապահովում պետք է լինի։ Ի՞նչ չափանիշներով է չափվելու դա, վեց ամսում դա իրատեսակա՞ն եք համարում, և բժշկության որակից բողոքների նվազմանը ինչպե՞ս եք հասնելու:
-Ասել, որ վեց ամսում կարելի է բժիշկների որակ փոխել, դա պոպուլիզմ կլինի: Ծառայության որակը ոչ միան բժշկի որակն է, այլ մինչև բժշկի աշխատասենյակ հասնելը կա ծառայության որակ: Ինչ վերաբերում է բժշկական հատվածին, ապա նախատեսվում է երկու տարվա ընթացքում միջազգային գործելակարգերի ներդրում, որը համաշխարհային ստանդարտ է և ուղեցույց է, թե յուրաքանչյուր հիվանդություն ինչպես պետք է բուժվի: Ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որպեսզի սահմանվեն խաղի կանոններ, որ օրինակ՝ այսինչ հիվանդությունը բուժվում է այս–այս կանոններով: Ծրագրում նախատեսված է նաև բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրության և վեճերի լուծման երկաստիճան համակարգ, ինչը ենթադրում է, որ բուժհաստատությունն իր ներսում պետք է ունենա բողոքների լուծման համակարգ և երկրորդ աստիճանը՝ բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծում:
– Բայց մենք բժիշկներին պատասխանատվության ենթարկելու հետ խնդիր ունենք, բազմաթիվ նման դեպքեր կան, արդյո՞ք այդ հարցը բաց չի մնում:
-Եթե չկան հստակ գծված ընթացակարգեր, թե բժիշկն ինչ քայլերով պետք է բուժի հիվանդությունները, դժվար կլինի որոշել, սակայն ես չեմ խոսում ակնհայտ սխալների, հանցավոր անփութությունների մասին: Չնայած դրան` հռետորաբանական, հեղափոխական կլինի ասել, թե եկեք վաղվանից պատասխանատվության ենթարկենք:
-Դուք ոլորտում հեղափոխական քայլերի կողմնակից չե՞ք:
-Մտածված հեղափոխական քայլը պետք է տարբերվի պոպուլիստական քայլերից: Պատասխանատվության ենթարկելը պետք է ինքնանպատակ չլինի, պետք է այնպիսի համակարգ ստեղծել, որ պատասխանատվության ենթարկելու կարիքը քչանա: Ոչ մեկ չի շահելու, որ երկու բժիշկ պատժվի: Ուղեցույցի ներդրումը նպաստելու է բժիշկների մակարդակի բարձրացմանը:
-Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղությամբ ի՞նչ քայլեր եք անում, արդյո՞ք հասարակությունը պատրաստ է դրան, թե՞ դեռ վաղ եք համարում:
– Պարտադիր ապահովագրական համակարգը երկարաժամկետ հարց է, սակայն շատ երկրներում այլընտրանք չունեցող, գրագետ ֆինանսական միջոցների վերաբաշխման մեխանիզմ է: Այն Հայաստանի համար վաղ չեմ համարում, սակայն առաջիկա երկու ամսվա մասին խոսելն իրատեսական չէ, թեև պետք է մտածել այդ մասին օր առաջ: Այդ հարցը կառավարության մակարդակով քննարկելու հարց է:
– Ըստ Ձեզ, մե՞ծ են կոռուպցիոն ռիսկերը համակարգում և դրա դեմ ինչպե՞ս եք պայքարելու:
– Արդեն ասացի՝ թափանցիկություն, խաղի կանոնների հստակեցում, ինֆորմացիայի հրապարակայնացում: Պետք է կարողանաս համակարգը վերաբաշխել: Փողի հիմնական մասը պետպատվերում է, եթե այն դարձնում ես թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է վերահսկողը լինել այդ գործընթացի: Մի կախարդական փայտիկ, կամ մի գործողություն չկա, դա բազմաթիվ գործողությունների համակարգ է: Կոռուպցիոն ռիսկերը բավականին բարձր են, և բավականին հետաքրքիր ստեղծագործական աշխատանքի տեղ կա, դրանք նվազեցնելու համար: Իմ ուսումնասիրությունը տասն օրվա աշխատանքի արդյունք է, սակայն թափանցիկության և խաղի կանոնների հստակեցման լուրջ աշխատանքի կարիք կա: Կարճ լուծումներ և արագ լուծումներ բժշկական ծառայության մատուցման ոլորտում չեն կարող լինել, սակայն կարելի է հստակ քայլեր կատարել և արդյունքներ ստանալ միջնաժամկետ հատվածում: Ինչ վերաբերում է անարդյունավետ ծախսերին, ապա կան ծախսեր, որոնց արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել:










