Նոր Գեղիում հինգ անչափահաս ու մեկ զինվոր ունեցող ընտանիքն ապրում է ծանր պայմաններում (տեսանյութ)

10:21 • 31.10.16

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ապրող Լուսինե Ասրյանի բազմազավակ ընտանիքը՝ հինգ անչափահաս երեխաներ ( մեծ տղան ծառայում է ՀՀ ԶՈՒ–ում), ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում:  Տան անդամներից գրեթե բոլորն առողջական ծանր խնդիրներ ունեն, իսկ տան ամենափոքր անդամի՝ Հայկի վիրահատությունների քանակը մայրը չի հիշում:

«Ես ապրում եմ ծայրահեղ ծանր պայմաններում: Վեց երեխա ունեմ, որդիս՝ Համլետը, ծառայում է բանակում: Չնայած չորս ամիս առաջ զորակոչվել է բանակ, սակայն արդեն 1,5 ամիս է գտնվում է հիվանդանոցում, առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ, բայց ես ոչ ոքի չկարողացա ապացուցել, որ որդիս առողջական խնդիրներ ունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է Լուսինե Ասրյանը:

Խոսելով ընտանիքի առաջնահերթ կարիքների մասին՝ Լուսինե Ասրյանն ասաց, որ դրանք ունեն սկիզբ ու չունեն ավարտ.«Բնակարանը չի ջեռուցվում, վառարանի համար էլ փայտ չկա: Անցած տարի բարերար կար, այս տարի ձմեռն սկսվում է, սակայն երեխաներս դեռ ամառային մի զույգ կոշիկով են: Վարկ ունեմ, որը չեմ կարող վճարել, պարտքեր ունեմ թե՛ դեղատներում, թե՛ խանութներում, թե՛ ամենուր: Օգնող ձեռք չունեմ, ես էլ առողջական խնդիրներ ունեմ, բայց ինձ համար ոչինչ չեմ խնդրում, խնդրում եմ, որ երեխաներս սոված չմնան: Բացի այդ, երեխաներս էլ հիվանդ են, որ դեղ չառնեմ...»:

Լուսինե  Ասրյանը հիշում  է, որ երեխաներին մեծ դժվարությամբ ու կրկին միայնակ է մեծացրել։ «Մեկին այգում ծառից եմ օրորոց սարքել, որպեսզի օրորեմ ու աշխատեմ դաշտում, մյուսին թողել եմ տանը, մյուսին տարել եմ ինձ հետ: Աշխատանք լինի, կրկին կաշխատեմ ու ոչ ոքից ոչինչ չեմ չեմ խնդրի, միայն ես իմ եկամուտն ունենամ»,– ասում է նա:

Բազմազավակ մայրը պատմում է , որ երբեմն նաև իրեն հորդորում են երեխաներին հանձնել համապատասխան կենտրոններ, ինչն ինքը երբեք չի անի.«Կմեռնեմ, բայց երեխաներիցս ոչ մեկին մանկատուն ու հատուկ կենտրոն չեմ տանի, չնայած երեխաներս մանկություն չունեն: 15-ամյա Նարեկս դաշտերից ցախ հավաքելով է մեծացել»:

10-ամյա Սարգսի մանկությունն իր ընկերների մանկությունից տարբեր է, նրա երազանքներն ու ցանկություններն էլ իր համար չեն։ « Ուզում եմ, որ մայրիկս չլացի ու առողջ լինի»,– ասում է նա:

7-ամյա Դիանայի երազանքն էլ եղբոր երազանքից չի տարբերվում.«Չեմ ուզում, որ մեր դուռը տուկ-տուկ տան, պարտքերն ուզեն, մամաս լացի»: Դիանան երրորդ դասարանում է սովորում, երազած իրն էլ գրչամանն է։

Ի տարբերություն Դիանայի, փոքրիկ Հայկը երազում է սեփական ավտոմեքենա ունենալ, որպեսզի այցելի բանակում ծառայող եղբորը, իսկ ընտանիքում ամենաշատը սիրում է մայրիկին։ «Մայրիկիս եմ սիրում, հետո մնացածին: Մամաս ինձ շատ է սիրում»,– ասում է նա:

Ընտանիքի խնդիրների և երեխաների իրավունքների պաշտպանության հարցով Tert.am-ը դիմեց՝ Կոտայքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշ Պետրոսյանին, ով ասաց, որ Լուսինե Ասրյանի ընտանիքը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է.«Ասրյանի ընտանիքի մասին տեղյակ ենք, համայնքը հնարավորինս օգնում է, և երբ դիմել է, օգնություն ստացել է»:

Դիտարկմանը, թե ինչու օրենքով նախատեսված կարգով բազմազավակ ընտանիքի համար սահմանված կարգից չի օգտվո՞ւմ, Արտյուշ Պետրոսյանն ասաց.«Ինքը, որքանով տեղյակ եմ, ստանում է  համապատասխան սոցիալական աջակցությունը, որ տրվում է բոլոր նման կարգի ընտանիքներին: Բացի այդ համայնքի ղեկավարի և տեղակալի հետ մշտական կապի մեջ ենք և  ընտանիքի հետ աջակցություն եղել է, եղել է նաև բարերարների միջոցով»:

Հարցին,թե Լուսինե Ասրյանն ասաց, որ բնակարանի գազիֆիկացման հարցում դիմել է մարզպետարան և ՀՀ կառավարություն, սակայն բնակարանը մինչ օրս գազիֆիկացված չէ, Արտյուշ Պետրոսյանը պատասխանեց, որ մարզպետարանը նման լիազորություն չունի:

Հարցին, թե մարզպետարանը որևէ պարտավորություն չունի, որ բազմազավակ ընտանիքն ապրում է առանց ջեռուցման նեղ ու փոքր բնակարանում, նախատեսված բյուջե չկա՞ նման ընտանիքների համար, Պետրոսյանն ասաց, որ նման կարիքների համար կոնկրետ մարզպետարանը համարյա անելիք չունի, որովհետև այդ խնդիրը դարձել է համայնքային խնդիր:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրեն հասանելիք մասով բազմազավակ ընտանիքին պետության կողմից վճարվում է կոմունալ վճարների 50 տոկոսը, Արտյուշա Պետրոսյանն ասաց, որ դրա պատասխանատուն Եղվարդի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունն է, որի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: