Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին

12:43 • 31.10.16

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեռևս 2014թ. դեկտեմբերի 26-ից գերության մեջ հայտնված հայ զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին:


Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցելությունը կայացել է օրեր առաջ: Նշվում է, որ կոմիտեի աշխատակիցների միջոցով գերին և իր ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:


Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից: