Թուրքիայում մահապատժի սահմանումը կարող է փակել նրա առաջ ԵՄ դռները. եվրոպացի պաշտոնյաներ
Եվրոպայի խորհրդում հոկտեմբերի 30-ին մտահոգություն են հայտնել Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանման առնչությամբ, հայտնում է korrespondent.net-ը:
«Մահապատժի սահմանումն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ: Մենք մտահոգված ենք այդ առնչությամբ և բացատրություններ ենք պահանջում»,-Twitter-ում գրել է կազմակերպության մամուլի քարտուղար Դենիել Հոլտգենը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն էլ հայտարարել է, որ նման պլանները «կարող են փակել երկրի առաջ ԵՄ դռները»:
«Մահապատիժը պատժի դաժան ձև է, որը պետք է չեղյալ հայտարարվի ողջ աշխարհում և որն ակնհայտորեն համատեղելի չէ եվրոպական արժեքների հետ»,- հավելել է ավստրիացի դիվանագետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում, որ կառավարությունը փաստաթուղթ է պատրաստել երկրում մահապատիժ սահմանելու վերաբերյալ և մոտ ապագայում մտադիր է այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնել։










