«Ով քաղաքապետարանին կմեղադրի էդ հարցով, գլուխը պատով կտա». Երևանի փոխքաղաքապետը տպարանի շենքի քանդման մասին  

20:35 • 05.11.16

Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները Երևանում քանդված մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի առթիվ, որը մոտ 100 տարվա պատմություն ուներ: Լայն հասարակությանը հայտնի չէր, որ շենքը քանդվելու է, և որոշումը շատերի համար անակնկալ էր: Իսկ սոցիալական ցանցերում ծավալված ակտիվ քննարկումներում Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը գնահատվեց որպես Երևանի անցյալի պայթեցում, և դա գաղտնի է պահվել, որ բողոքի ակցիաներ չլինեն: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում տարակուսանք հայտնեց տպարանի շենքի պայթեցման առթիվ և հանձնարարեց բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: Արդյունքում տուգանվեց շինարարը՝ շենքը պայթեցնելու համար:

Նկատենք, որ հասարակական բողոքը ավելի շատ վերաբերում էր հին Երևանի տեսքը վերացնելուն ու շենքի քանդմանը: Երևանի առաջին տպարանի շենքը քանդելու թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը: Այս առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին:

-Պարոն Արեյան, քանի որ քաղաքապետարանն է տպարանի շենքի քանդման թույլտվությունը տվել, այն ևս չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի: Վարչապետը հայտարարել էր, որ բացթողումներ թույլ տված բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

-Քաղաքապետարանը շենքը պայթեցնելու թույլտվություն չի տվել: Դա եղել է սովորական քանդման թույլտվություն՝ սովորական մեթոդով՝ առանց պայթեցման:

-Պարոն Արեյան, հասարակական բողոքը 100 տարվա շենքը քանդելու դեմ է, ոչ միայն՝ պայթեցման: Հասարակությունը գտնում է, որ այդ շենքը չպետք է քանդվեր, և որ դա Երևանի պատկերն էր:

-Դրան պաշտոնական պատասխան տվեց մշակույթի նախարարը՝ հայտարարելով, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցուցակում ընդգրկված շենքներից մեջ չէ:

-Ասել է թե՝ կարծում եք, որ դա մեր հին Երևանի պատկերը չէ՞ր արտացոլում, չնայած որ 100 տարվա շինություն էր:

-Իմ կարծիքը շատ հարցերում շատ սուբյեկտիվ կարող է լինել, բայց կա պաշտոնական ցուցակ. ճարտարապետական նշանակության շենք չի եղել այդ շենքը: Խնդիրը քանդման եղանակն է:

-Ուզում եք ասել՝ այդ շենքը պիտի քանդվեր, պարզապես խնդիրը քանդման եղանա՞կն էր:

-Այո: Շենքի պատմամշակութային ու ճարտարապետական նշանակության վերաբերյալ եղել է պաշտոնական կարծիք:

-Պարոն Արեյան, հասարակությունը դժգոհ է, որ առանց հարցը քննարկման դնելու 100 տարվա շենքը քանդել են:

-Հասարակությունից յուրաքանչյուր մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը:

-Միևնույն ժամանակ հանրությունն ասում է, որ այդ շենքը չպիտի քանդվեր, պիտի հանրային քննարկում լիներ: Չե՞ք կարծում, որ էսպիսով քաղաքապետարանը հասարակության հետ հաշվի չի նստում:

-Հասարակությունն էլ ունի իր կարծիքը, մասնագիտական կարծիքն էլ կողքն է դրվել:Քաղաքապետարանը միշտ հաշվի է նստում հասարակության հետ:

-Ասել է թե՝ կարծում եք, քաղաքապետարանը տպարանի շենքի քանդման թույլտվություն տալու համար պատասխանատվություն չպիտի՞ կրի:

-Ոչ, պատասխանում եմ, ոչ: Ով քաղաքապետարանին կմեղադրի էդ հարցով, գլուխը պատով կտա: