Վարչապետ Կարեն Կարապետյանը լսել է, որ առաջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են

18:49 • 05.11.16

Առաջնագծում զինվորների հետ հանդիպումներից հետո պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  վարչապետները մամուլի ասուլիսով հանդես եկան: Կարեն Կարապետյանը խոստովանեց՝ տեսածը ոգևորիչ ու  պարտավորեցնող է:  «Տեսել ենք կամքը, «դուխը», համեստությունը նրանց»,- զինվորների մասին խոսելով ասաց նա: 

Tert.am-ի դիտարկմանը, իսկ արդյոք նկատել է, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, Կարեն Կարապետյանը  պատասխանեց, թե չի նկատել, բայց լսել է դրա մասին:

«Լսել եմ,  որ նման վիճակագրություն կա, որն անարդարացի է... եթե այդպես է, խոսել ենք, թե ծրագրի մեջ  ինչ նպատակներ ունենք: Մեր հասարակության մեջ արդարության դեֆիցիտ կա,  մեր ազգի լավագույն հատկությունը անարդարության դեմ ըմբոստությունն է»,- ասաց նա։

Վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմից հետո կատարված հսկայածավալ աշխատանքին: Նա հիշեցրեց, որ  ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, բացվել հաշվեհամար և հավաքված գումարի մասին մանրամասն հաշվետվություն է ներկայացվում։

Վարչապետն  ասաց, թե  այսօր սահմանն ավելի համալրված է սարքավորումներով, ինժեներական աշխատանք է կատարվել. «Պատրաստվում ենք 17 ևս մեծ մասնակցություն ունենալ մարտունակությունը բարձրացնելու համար»։