Աղքատության մակարդակը Հայաստանում` 29.8%, Շիրակում այն կազմում է 45% (տեսանյութ)

13:11 • 07.11.16

2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41  698 դրամ վերին աղքատության շեմից  ցածր եկամուտներ է ունեցել:

2014 թ-ին աղքատության մակարդակը կազմել է 30 տոկոս, և, ըստ այդմ, նախորդ 2014-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2  տոկոսով:

Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացվեցին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կազմվել է Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում:

Թվային տվյալները ներկայացրեց  զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող, ծրագրի ավագ վիճակագիր, ԱՎԾ աշխատակից  Դիաննա Մարտիրոսյանը:

Նախորդ տարի աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Շատ աղքատների թիվը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները, մոտ 310 հազար մարդ: Նրանցից մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։ Աղքատության խորության հաշվարկը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ բնակչության միջին եկամուտները ցածր եղել: 2015-ին աղքատության խորությունը գնահատվել է 4, 7 տոկոս` 2008-ի 5.1 տոկոսի համեմատ:

Դիաննա Մարտիրոսյանի խոսքով` աղքատության ցուցանիշը հաշվարկելիս ընդգրկել են 2008- ից 2015–ն ընկած ժամանակահատվածը, իսկ այդ ժամանակահատվածում աղքատության ցուցանիշը նվազել է:

Չնայած դրան՝ 2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը 0,4  կետով, իսկ աղքատության վերին գծում` աղքատության մակարդակը 2.2 տոկոսային կետով բարձր է 2008-ի համեմատ: Միաժամանակ, ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը 2008-ի համեմատ իջել է 2.2 տոկոսային կետով: Աղքատության պատկերը 2015 –ին շատ չի տարբերվում՝ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: 2015թ-ին աղքատության մակարդակը՝ ըստ մարզերի, վկայում է, որ աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ շուրջ  45 տոկոս:

2015 թ-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները ինչպես երկրի  գրեթե բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում՝ բացառությամբ  Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի:

Իսկ Գեղարքունիքում 2015-ին աղքատության ցուցանիշը հավասարվել է 2008-ի մակարդակին:

Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակը կրկին բարձր է Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում:

Դիաննա Մարտիրոսյանը նաև նկատեց, որ աղքատության բարձր ռիսկի շրջանում են բազմազավակ ընտանիքները: Նա նաև նշեց, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի եղել: