Կամավորական ուժերը մոբիլիզացնելու մասին հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, անհանգստանալու որևէ առիթ չկա. ՊՆ խոսնակ
«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե նաև ՊՆ ֆեյսբուքյան էջով տարածված տեղեկատվությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հրապարակած տվյալներն իրականությանը համապատասխանում են:
Հիշեցնենք, որ նշված հայտարարության մեջ ասվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ներկայացվում տվյալներ, որ առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ֆեյսբուքյան իրենց էջում նյութով կիսվել էին, քանի որ անվտանգության հետ կապված շատ թեմաներով են կիսվում և սկզբում այդ նյութն այլ կերպ ընկալվեց, իսկ հետո արդեն հեռացվել է, քանի որ թյուրըմբռնում է եղել:
«ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին»,-ասաց նա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հավաստիացրեց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, և դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ-ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է։










