Դե արագացրեք. ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման սպառնալիքին Էրդողանի պատասխանը

16:52 • 09.11.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Եվրախորհրդարանի պատգամավոր Քաթի Փիրիի կողմից ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման վերաբերյալ հնչեցված պահանջի մասին, հայտարարել է, որ ԵՄ-ն այդ հարցում ուշացել է և որ եվրոպացիները լավ կանեն արագացնեն ու հստակ որոշում կայացնեն: 

«Ուշացել եք, դե արագացրեք, բայց այս անգամ վերջնական որոշում կայացրեք»,- հայտարարել է Էրդողանը:

Նա նաև հայտնել է, որ անցնող 50 տարում Թուրքիան իր մաշկի վրա է զգացել, որ անկախ ամեն ինչից՝ Արևմուտքը նրանց որպես երկրորդական երկիր է վերաբերվելու: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նույնպես քննադատել էր թուրքական իշխանությունների կողմից ազատ մամուլի և ընդդիմադիր կուսակցության պատգամավորների դեմ իրականացվող բռնությունները և կոչ արել Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց:


Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Օրեր առաջ էլ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: