«Խիստ կասկածում եմ, որ հայր Անտոնը երբևիցե տեսած լինի Սեյրան Օհանյանին». Կաթոլիկ եկեղեցու Գյումրու առաջնորդարանի լրատվական

16:42 • 11.11.16

Հայ կաթողիկե եկեղեցու Գյումրու առաջնորդարանի մամուլի պատասխանատուն այսօր Tert.am-ի հետ զրույցում բացառեց, որ Նորք–Մարաշի հանցախմբի գործով անցնող կաթոլիկ հոգևորական հայր Անտոնը ծանոթ է եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում անունը, ըստ մամուլի, տրվել է առերեսման ժամանակ:

Tert.am-ի հարցին, թե հայր Անտոնը Սեյրան Օհանյանի հետ կարո՞ղ էր ծանոթ լինել, լրատվության բաժնից ասացին. «Ոչ, բոլորովին ոչ: Ես խիստ կասկածում եմ, որ ինքը երբևիցե տեսած էլ լինի Սեյրան Օհանյանին: Այսինքն՝ դժվար»:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից, ըստ որի, երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգևորականին, թե ով է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը։

Բացի դա՝ մամուլում նաև գրվել է, որ, ըստ ԱԱԾ-ի, Նոր Նորքի հեղափոխության հովանավորը հենց հայր Անտոնն է, որը 70 հազար դոլար է տվել Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար, ընդ որում՝ զինված:

«Հայր Անտոնը արդեն 4 տարուց ավելի դուրս է եկել Հայ Կաթողիկե եկեղեցու սպասավորությունից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Հետևապես իր ֆինանսական միջոցները որևիցե մի ձևով Կաթոլիկ եկեղեցու հետ կապ չունեն»,-ասացին եկեղեցու լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Դա չի կարող եկեղեցու գումարներից լինել, այլ իր անձնական գումարներից: Եկեղեցին մաս չի կազմում այդ գումարներին, որովհետև եկեղեցուն, եթե գումար է փոխանցվում, փոխանցվում է ուղղակի առաջնորդի անունով»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հայր Անտոնը կարո՞ղ էր նման քայլի գնալ: «Հակված չեմ ո՛չ կասկածելու, ո՛չ հավատալու: Նախաքննությունը դեռ ընթանում է, և դատարանը կտա պատասխանը՝ իրականություն է, թե իրականություն չէ: Ես հակված չեմ մտածել՝ իրականություն է, թե սուտ է: Մարդու մտածումները կարող է իմանալ միայն ինքը և Աստված: Մեզ համար խոր ցավ է, որ մեր վարդապետը նման գործի մեջ է»,-ասացին եկեղեցու լրատվության ծառայությունից:  

Նշենք, որ հայր Անտոնը սփյուռքահայ է, ծնունդով Հորդանանից է, երկար տարիներ ապրել է Ավստրալիայում:

«Խիստ կասկածում եմ, որ հայր Անտոնը երբևիցե տեսած լինի Սեյրան Օհանյանին». Կաթոլիկ եկեղեցու Գյումրու առաջնորդարանի լրատվական