Գյուղմթերքի գները գյուղացու համար էժան, գնորդի համար՝ թանկ. Մալաթիայի շուկայում եռուզեռ չկա (տեսանյութ)
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում վերավաճառողները և գյուղացիները պնդում են առևտրի տեմպերը տարեցտարի նվազում են։ Tert.am-ի հետ զրուցում հատկապես գյուղացիները սրտնեղած պատմում էին, որ չեն կարողանում բերքը, բանջարեղենը ամբողջ ծավալով շուկաներում իրացնել։
«Վարդենիսի «կարտոշկա» է 100-130 դրամ ենք ծախում , օրերով շուկայում կանգնում ենք, բայց գոնե մեր ծախսերը հանել չենք կարում, պիտի թողեն արտահանել, Հայաստանից դուրս հանել , Հայաստանում ուտո ՞ղ կա, Հայաստանում մարդ չի մնացել»,- դժգոհեցին գյուղացիները։
Գյուղացիները մանրամասնում էին, որ չեն կարողանում վարկերը մարել, քանի որ այս տարի ևս կարկուտը խոշոր վնասներ էր հասցրել, իսկ մնացած բերքն էլ «ապրանքային տեսք չունի», ուստի էժան գնով են վաճառում։
«Խնձոր օրական մի «վեդրո» եմ բերում, որ վաճառեմ, շատ չի վաճառվում, միայն պոպոքի վաճառքն է նորմալ, եթե միրգը նախկինում 5 կգ-ով էին գնում, հիմա՝ 1-2»,- ասացին նրանք։
Tert.am-ի հետ զրուցում գնորդներն էլ ընդգծեցին, որ առևտրի տեմպերը նվազել են թանկ գների, ցածր աշխատավարձերի պատճառով։
«Գյուղացու համար էժան է, մեր համար թանկ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե շուկաներում են թանկ գներ, այլ խնդիրը աշխատավարձն է...հույսեր ունենք նոր վարչապետից, կարծում ենք փոփոխություններ կանի»,- նշում էին գնորդները։
Փոխարենը գյուղացիները կառավարությունից ակնկալիքներ չունեն։ «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, միանգամից չի կարող սոցիալական իրավիճակը լավանալ»,- նշեցին նրանք։
Գյուղացիները կարծում են, որ իրենք կարող են պոտենցիալ հաջողակ լինել, եթե պետությունը համապատասխան աջակցություն ցուցաբերի՝ վարկերի տոկոսադրույքները իջեցնելով, կարկուտի պարագայում փոխհատուցում տալով և արտահանմանը խթանելով։










