Արամ Աթեշյանը Այվազովկսու նկարի հետ կապված քրգործում է ներգրավված․Ս․ Հացպանյան (տեսանյութ)
«Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «սկանդալային փաստեր» ունի Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերաբերյալ:
Նա պատմեց, որ տարիներ առաջ Կոստանդնուպոլսում լույս է տեսել մի գիրք՝ «Օսմանյան կայսրությունում հայ նկարիչները» վերտառությամբ, որում Կարո Քյուրքմանը ներկայացնում է մի նկար, որն իբր տեղակայված է Պոլսո հայոց պատրիարքարանում, որպես նկարի հեղինակ, գրքում նշված է Արամ Խաչատուրյանի անունը՝ անհայտ հեղինակ, իսկ նկարում պատկերված հոգևորականն էլ՝ իբրև թե Սարգիս Տեր-Սարգսյանն է:
Սարգիս Հացպանյանն ուսումնասիրել է նկարի պատմությունը և պարզել, որ այդ նկարն ընդհանրապես կապ չունի Արամ Խաչատուրյան անունով նկարիչի հետ, և նկարում պատկերված անձն էլ Սարգիս Տեր-Սարգսյանը չէ, այլ Գաբրիել Այվազովսկին է՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, իսկ կտավի հեղինակն էլ ծովանկարիչն է:
«Արամ Աթեշյանը հիմա Հայաստանի Հանրապետության հատուկ կարևորության քննչական կոմիտեում մի քրեական գործով անցնում է՝ իբրև ինչ, չգիտեմ, իբրև վկա՞, տուժո՞ղ․․․ չգիտեմ հենց այս նկարի գործով․իբրև թե Պոլսո պատրիարքարանից հայաստանցի մեկը վերցրել է այդ նկարը»,- ներկայացրեց Սարգիս Հացպանյանը:
Նա նշեց, որ եղած վարկածները շատ տարօրինակ են թվացել իրեն: Ինքը գտել է այդ նկարի տիրոջը և վաղն անձամբ հանդիպելու է, հետը զրուցելու:
Սարգիս Հացպանյանը նաև տեղեկացրեց, որ Արամ Աթեշյանը կապվել է նկարի տիրոջ հետ, հայտնել, թե ցանկանում է գնել նկարը, և երբ նկարը բերվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, նա զանգել է իրավապահ մարմիններին, ասել, թե նկարը գողացել են պատրիարքարանից:
Սարգիս Հացպանյանը, հիմնվելով իր ունեցած տվյալների վրա, ենթադրեց, որ Պոլսո պատրիարքարանից Այվազովկսու նկարների հավաքածուից պակասորդ կա, Պոլսո պատրիարքի փոխանորդն այդպես է փորձել լրացնել պակասը:










