Ալիևը պատասխանել է հարցին, թե արդյոք իր երեխաներն ապագայում զբաղվելու են քաղաքականությամբ

14:29 • 18.11.16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լրատվական գործակալությունների համաշխարհային V-րդ կոնգրեսի մասնակիցների խմբի հետ հանդիպմանը խոսել է իր երեխաների մասին, գրում է ԱՊԱ գործակալությունը:


Ադրբեջանի նախագահը պատասխանել է Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի նախագահ, «TT» շվեդական գործակալության գործադիր տնօրեն Յոնաս Օլոֆ Էրիքսոնի հարցին, թե արդյոք ապագայում նրա երեխաները զբաղվելու են քաղաքականությամբ: Իլհամ Ալիևն ասել է, որ դա կախված է նրանց ցանկությունից և պլաններից:


«Կարծում եմ, որ նրանք դեռ գոհ են իրենց գործունեությունից: Իմիջիայլոց, նրանցից երկուսը, ի թիվս այլնի, կապված են նաև մեդիայի հետ: Ավագ դուստրս երկար տարիներ է, ինչ «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Իմ երկրորդ դուստրը նույնպես զբաղվում է լրագրության հետ կապված հարցերով: Նա լրագրողի կրթություն է ստացել: Որդիս ուսանող է: Նրա հետագա ընտրությունը կախված է նրանից: Նա տնտեսագիտական կրթություն է ստանում Բաքվի համալսարանում: Այդկերպ՝ դա նրանց որոշումը կլինի:  Եթե նրանք ցանկանան կապել իրենց ապագան քաղաքականության հետ, դա կլինի նրանց ընտրությունը»,- ասել է Ալիևը: