«2017թ. պետք է լինի սևի և սպիտակի քաղաքական ընտրություն». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

22:27 • 21.11.16

Ընդդիմությունը պետք է մի կողմ դնի իր ամբիցիաները, միասնական ճակատով հանդես գա 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում, որպեսզի լինի սևի և սպիտակի քաղաքական ընտրություն, ինչից կշահի թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ խոսքը ինչ-որ մեկի շուրջ միավորվելու մասին չէ, այլ բոլոր այն ուժերի միավորման, ովքեր պայքարում են Հայաստանի ինքնիշխանության վերականգնման և երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար։

Արմեն Մարտիրոսյանը չցանկացավ բացել փակագծերը, թե կոնկրետ ինչ ուժերի հետ են այժմ քննարկումներ իրականացվում։

«Մանրամասներ չեմ կարող ասել, կարող է գործընթացին խանգարել, այս պարագայում դեռևս միայն ցանկությունն ենք փորձում առարկայական դաշտ բերել, գործընթաց դարձնել։ Կստացվի, թե ոչ՝ դժվարանում եմ ասել: Իշխանություններն ամենակեղտոտ բանն արեցին ԸՕ հետ՝ այդ գյուղական մակարդակի ռեյտինգային համակարգով. այլ կլիներ խնդիրը, եթե մեկ ցուցակ-մեկ ռեյտինգ լիներ հանրապետությունով մեկ, բայց այս դեպքում ամեն մի մարզում, որը ընտրատարածք է դարձել, թաղային ռեյտինգային քվեարկություն է արվելու. սա ամենամեծ ապաքաղաքական, ապակուսակցական քայլն էր, որ իշխանությունը կարող էր անել»,-մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչպես են անելու, որ միավորման պարագայում տխուր փորձը չկրկնվի, քանի հասարակությանը բազմիցս ականատես է եղել թե միավորված ընդդիմությունը ինչպես է պառակտվել, օրինակ՝ «Ժառանգության» պարագայում ևս «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը չի ստացվել,Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տարբեր ժամանակահատվածում իրավիճակները տարբեր եղել՝ իշխանությունների ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառման, միջազգային թույլտվության առումով, սակայն հիմա իշխանություններն ավելի թույլ են։ Ինչ վերաբերում դաշինքների պառակտմանը, ապա Մարտիրոսյանը դրան հանգիստ է վերաբերում։

«Տխուր փորձը չկրկնվելու խնդիր չկա, յուրաքանչյուր դաշինք, եթե հաջողության չի հասնում, քայքայվելու ռեսուրսը մեծ է....Շատ հանգիստ եմ վերաբերում նման իրավիճակներին, եթե չեն բաժանվում, ապա պետք է մեկ կուսակցություն դառնան, եթե ամեն ինչում համաձայն են, ամեն ինչ նույնն է»,-ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ միավորման հաջող փորձ եղել է 1998թ-ին «Միասնություն» դաշինքի շուրջ։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը կարծում է, որ իշխանությունները գնալով հեռանում են իրականությունից և դրա վառ վկայությունը 2017 թ-ի բյուջեն է, «1000 դրամ» նախագիծը, Հարկային օրենսգիրքը։

Մանրամասները՝տեսանյութում։

 

 

 

 

 

«2017թ. պետք է լինի սևի և սպիտակի քաղաքական ընտրություն». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)