Երևանում ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են գրանցվել. քաղաքապետարանը կդիմի իրավապահներին

18:55 • 21.11.16

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքում ավտոկայանումների համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ  իրավախախտ 6 անձ բերման է ենթարկվել  ոստիկանության «Կենտրոն» բաժանմունք:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով վերոնշյալ երևույթին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու արձանագրված բոլոր դեպքերը փոխանցել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Անընդունելի այս երևույթը պետք է իսպառ բացառվի, մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ըստ այդմ, շարունակեք աշխատանքը՝ համագործակցելով ոստիկանության հետ արձանագրված դեպքերը փոխանցեք Երևան քաղաքի դատախազությանը: Բացի այդ, հանրությանը նաև ներկայացրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են նման դեպքեր, որպեսզի մարդիկ տեղեկանան ու տվյալ վայրերում նույնը կրկնվելու դեպքում չվճարեն ապօրինաբար գանձվող գումարները», - ընդգծել  է Տարոն Մարգարյանը:

Ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են արձանագրվել մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.

 

· Մաշտոցի պողոտա՝ «Մարգարյան» հիվանդանոցի դիմաց

· Վազգեն Սարգսյան փողոց՝ Կենտրոնական բանկի դիմաց

· Եզնիկ Կողբացի փողոց՝ «Վան» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ

· Ամիրյան փողոց՝ «Սամսունգ» խանութի դիմաց

· Հյուսիսային պողոտա 5 հասցեի դիմաց

· Մովսես Խորենացու փողոցի թիվ 1 (Գումի) շուկայի դիմացի մայթ

· Վարդանանց - Սիմոն Վրացյան խաչմերուկ

· Պարոնյան փողոցի Նաիրի բ/կ շրջակայքը

· Հին Երևանցու փողոց

· Իսահակյան - Գ. Քոչար խաչմերուկ (Դրամատիկական թատրոնի հարակից հատված)

· Բաղրամյան պողոտա 14 (նոտարի բակ)

· Մհեր Մկրտչյանի փողոց

· Գլխավոր պողոտայի Բուզանդի փողոց (Վերնիսաժ) հատվածում

· Երվանդ Քոչարի փողոցի «Ինեկոբանկ»-ի հարակից հատված

· Թումանյան փողոցի հ.30 շենքի հարակից հատված

· Ագաթանգեղոսի, Խորենացու փողոցներ

 

 

 

 

 

Երևանում ավտոկայանման համար ապօրինի գումար գանձելու դեպքեր են գրանցվել. քաղաքապետարանը կդիմի իրավապահներին