ՊՊԾ գնդի գործը ցանկանում են մինչև տարվա ավարտն ուղարկել դատարան, սակայն միևնույն է, չեն հասցնի. փաստաբան

22:38 • 21.11.16

«Սասնա ծռերի» անդամների վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները տրված են, յուրաքանչյուրի նկատմամբ պատժի չափն էլ սահմանված է: Արդարադատության ոլորտում մնացել է կատարածուների գործը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան. «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, անդրադառնալով «Սասնա ծռերից» 14-ի վերաբերյալ նախաքննության ավարտին ու իրավական զարգացումներին:

«Ես ենթադրում եմ, որ ՀՀ իշխանությանը պարտադրել են արագ ավարտել գործը, որովհետև այդ գործերի հետ կապված գումարներ են տրամադրելու, դրա համար այս մարդիկ ձեռ ու ոտ ընկած ուզում են գործն ավարտել: Օրինակ, կասեն իրավապահ մարմինների կամ դատական համակարգի կատարելագործման համար գումար է անհրաժեշտ, գումարը կստանան միջազգային կառույցներից ու դրա անվան տակ բյուջեն կլցնեն,որ հետո էլ միջազգային կառույցներից փող ստանան: Դրա համար, ՊՊԾ գնդի գործը ցանկանում են մինչև տարվա ավարտն ուղարկել դատարան, սակայն միևնույն է, չեն հասցնի, որովհետև պաշտպաններիս առնվազն մեկ ամիս ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանանք գործին»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:

Անդրադառնալով նախաքննության արագ ընթացքին, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ այստեղ մեկ սկզբունքային բան կա. տարածքում տեսախցիկներ կան և այդ ամենը նկարահանվել է։

«Տեսախցիկները կան և այդ ամենը նկարահանվել է, սակայն եթե այդպես է, ապա տեսագրությունները կարող էին նայել և մեկ ամիս անց գործն ուղարկեին դատարան, ուրեմն դա էլ չի: Հետևաբար` ներքին խնդիրներ կան, երևի խնդիր ունեն հասարակության մեջ վստահության բարձրացման, թե ինչ կստացվի, կպարզվի առաջիկայում»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է կալանքի ժամկետին, որը չի կարող տևել ավելի քան 11 ամիս, Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դա սահմանված է օրենքով, սակայն, օրինակ՝ Նորք-Մարաշի գործն արդեն մեկ տարի է քննվում է.«Այսինքն՝ մեկ տարի է գործի քննությունը գնում է, մի մասն են անջատել և ուղարկել դատարան, բայց հիմնական մասը մնացել է: Այսինքն՝ մեկ տարուց ավել գործ են քննում, բայց ՊՊԾ-ի վերաբերյալ չորս ամսում գործի մի մասն արդեն ավատել են»:

Հարցին, թե մեղադրանքները վերջերս են լրացվել, հետևաբար նախաքննությունը նոր հանգամանքներ է պարզել, Հարություն Բաղդասարյանն ասաց.«Որ ցանկանան ամբողջ քրեական օրենսգիրքն էլ կկարեն «Սասնա ծռերի» վրա, սակայն այստեղ ինձ այլ բան է հետաքրքրում: Արդյո՞ք մեղադրական եզրակցությունը կազմելիս , դատախազն այնտեղ նշելու է, թե որոնք են գործողություն ծնող պատճառները. դրա հետևանքը որն է եղել և դրա կանխարգելման միջոցները որոնք են: Եթե այդ ամենը համարում են հանցագործություն, ուրեմն  իրենք պետք է ասեն, թե ինչո՞ւ համար են այս մարդիկ այդ գործողությունները կատարել, այնպես չէ, որ այս մարդիկ ՊՊԾ գունդը շատ էին սիրում և դրա համար մտել են ՊՊԾ գունդ՝ սեր բացատրելու համար»:

Պաշտպանի խոսքով՝ մեղադրող կողմը պետք է կարողանա մեկնաբանել,թե ինչու են այդ գործողությունները տվյալ մարդիկ կատարել, որովհետև «Սասնա ծռերը» քաղաքական պահանջներ են առաջ քաշել, սակայն այդ ամենը լուծվելու է քաղաքական հարթության մեջ:

Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ պատահական չէ, որ հայտարարություններ են արվում, հետո մեղադրանքներ առաջադրվում:

Ըստ նրա՝ քաղաքական վերնախավում «Սասնա ծռերին» վերաբերող բոլոր հարցերի պատասխանները տրված են.«Ընդ որում տրված է նաև այն հարցի պատասխանը , թե ում քանի տարի պատիժ պիտի տան, սա քրեական և դատական դաշտում կատարածուների գործ է, նրանք արդարադատություն չեն իրականացնում; Ես ենթադրում եմ, որ դատավորների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կարողանան ընդդիմանալ գոնե այն կտրվածքով, որ գործն իրենց չմակագրեն, իրենց դեմքը պահելու համար»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 14 մեղադրյալի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, տուժողներին, դատավարության մյուս մասնակիցներին:

 

 

 



ՊՊԾ գնդի գործը ցանկանում են մինչև տարվա ավարտն ուղարկել դատարան, սակայն միևնույն է, չեն հասցնի. փաստաբան