Բոլորը գիտեն բանակում թալանի մասին, ես պարզապես բարձրացրի այդ հարցը. Վահան Բադասյան
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել բանակում տեղի ունեցող գողության մասին իր հայտարարությունների հիման վրա:
«Միգուցե դա գողություն չէ, այլ պարզապես թալան է: Գողությունը, երբ թաքուն գողանում են, իսկ երբ դա բացահայտ է արվում, դա կարելի է պարզապես անվանել թալան, իսկ թալանը «ապաշքյարա» է լինում: Բոլորը գիտեն այդ թալանի մասին, ես պարզապես բարձրացրի այդ հարցը: Ե՛վ Քննչական կոմիտեն, և՛ գլխավոր դատախազը, և՛ հրամանատարը, բոլորն էլ գիտեին, պարզապես եղավ մեկը՝Վահան Բադասյան անունով, ով բացարձակ ասեց այդ մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմնավորումներ, փաստեր ունի, Վահան Բադասյանը նշեց, որ եթե բացարձակ թալան չլիներ գեներալները շքեղ բնակարաններ չէին ունենա և իր փաստերը հենց դրանք են: Նա նշեց, որ կան բաներ, որոնք չի ցանկանում հիմա հրապարակել, բայց շատ ասելիք ունի, որը կներկայացնի Հատուկ քննչական ծառայությանը, քանի որ ներգրավելու է որպես վկա և ցուցմունքներ է տալու:
«Բացի այդ, ներկայիս գեներալների մեծ մասը ընդհանրապես գաղափար չունեն մարտական պատրաստվածությունից, մարտ վարելու մասին, իսկ թե ինչպե՞ս են դարձել գեներալ, պետք է գլխավոր հրամանատարից հարցնել»,-հավելեց նա:










