«Ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չի». ՀՀԿ խոսնակը՝ Վիգեն Սարգսյանի ու մյուս նախարարների ՀՀԿ-ին չդիմելու մասին

10:21 • 23.11.16

Չնայած ՀՀԿ համագումարին մի քանի օր է մնում, կառավարության ղեկավարն ու անդամները դեռ դիմում չեն ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում այսօր ասաց, որ մինչ այժմ ՀՀԿ-ն կառավարության անդամներից որևէ դիմում չի ստացել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարը նոյեմբերի 26-ին է, ու անգամ ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարած Վիգեն Սարգսյանը ևս անդամակցության դիմում չի ներկայացրել ՀՀԿ-ին:   

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի դիտարկմանը, թե փաստորեն Վիգեն Սարգսյանն այդքան էլ չի ուզում ՀՀԿ-ական դառնալ, եթե մինչ այժմ դիմում չի գրել, ասաց. «Ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չի: Վիգեն Սարգսյանը շատ համոզիչ, ամբողջական ներկայացրել է իր ՀՀԿ-ական դառնալու շարժառիթը, մենք էլ մեր կողմից ասել ենք, որ Վիգեն Սարգսյանի մուտքը ՀՀԿ նոր լիցք կհաղորդի մեր հարազատ կուսակցությանը: Մինչև համագումար դեռ ժամանակ կա»:

Մինչ ՀՀԿ խոսնակը կառավարության անդամների ՀՀԿ-ին անդամագրվելու առթիվ պնդում է, թե «սահմանադրական փոփոխություններից հետո անցել են անկուսակցական քաղաքական գործիչների ժամանակները», սահմանադրագետները պնդում են հակառակը, թե նոր Սահմանադրության մեջ որևէ պաշտոնյայի առաջ կուսակցական դառնալու պահանջ չի դրվում:

«Բայց ես պահանջից չեմ խոսում, ես տրամաբանությունից եմ խոսում: Ո՞վ է ասում՝ նման պահանջ կա: Մարդն ազատ է մտնել այս կամ այն կուսակցություն: Պահանջը մի բան է, տրամաբանությունը մեկ այլ բան է: Հիմա 1, 2, 3 բացառություն կարող է լինել: Բացառություններ կյանքում միշտ լինում են: Խոսքը տրամաբանության ու նոր մոտեցումների մասին է: Տրամաբանական է, որ ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում, որը գնում է ժողովրդավարության զարգացման մոդելով, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է լինեն այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ: Սա է այլևս հրամայականը: Իհարկե, կլինեն բացառություններ: Ինչպես Միացյալ նահանգներում Օբաման ու Քլինթոնը դեմոկրատ էին, Քենեդին դեմոկրատ էր, Բուրեշի ընտանիքը հանրապետական էր, այնպես էլ Հայաստանում մենք աստիճանաբար գնում ենք էդ ճանապարհով: Եթե իմ կարծիքն եք հարցնում, այո, այլևս անհնարին է ազդեցիկ գործիչ՝ առանց կուսակցական լինելու»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Հստակեցմանը, թե չնայած այդ ամենին, կառավարության մյուս անդամները ևս, կարծես, ոգևորված չեն օր առաջ ՀՀԿ-ական դառնալու առթիվ, ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Հարցրեք կառավարության անդամ ընկերներին: Շատ նախկին ու ներկա նախարարներ են եկել ու գնացել, բայց ՀՀԿ-ն մնացել է: Ես ինչ-որ ասել եմ, դասագրքային ճշմարտություն է, իսկ թե ով կմտնի, ով չի մտնի, ժամանակը կգա, կիմանաք»: