Հալեպում այսօր հայկական դպրոցները փակ կլինեն՝ անվտանգության նկատառումներով

11:27 • 23.11.16

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հալեպում փակ են լինելու հայկական համայնքին պատկանող բոլոր դպրոցները: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:

Նախորդ մի քանի օրերին ակտիվ հրթիռակոծման և ռմբահարման են ենթարկվել նաև Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 12 հայ, ևս 3 հայ զոհվել է հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրթիռակոծությունների ժամանակ: