Երևանի տրանսպորտային նոր համակարգի խորհրդատվության համար $850 000 ծախսելը շռայլություն է. տնտեսագետ
Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար 850 հազար դոլար արժողությամբ խորհրդատվություն վերցնելը անտրամաբանական և ավելորդ, շռայլ ծախս է։
Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ըստ նրա՝ ընդամենը հարկավոր էր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորողներն իրենք ուսումնասիրեին միջազգային հաջող փորձը։
«Ուղղակի զարմանալի է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ նման համակարգի համար խորհրդատվություն պատվիրելով, խոսքն ընդամենը քաղաքային տրանսպորտային համակարգի վերաբերյալ է. տպավորություն է, որ օդային տրանսպորտային համակարգի ներդրման մասին է խոսքը, և դրսից խորհրդատվություն է անհրաժեշտ, այն էլ՝ 850 հազար դոլարի»,-ընդգծեց Առաքելյանը։
Ըստ նրա՝ շռայլություն է նաև երթուղային նոր ցանցի համար 80-100 մլն դոլար ներդնելը, այն էլ այն պարագայում, երբ խոսվում է մեկ օպերատոր ունենալու մասին։
«Առաքելություն կուսակցությունը դեռ 5 տարի առաջ ներկայացրել է տրանսպորտային համակարգի բարեփոխման առաջարկ, որի համար անհրաժեշտ է 20-25 մլն դոլար։ Քաղաքապետարանը շռայլություն էր համարել, նշել էր, որ արդյունավետ չի լինի, փող չկա, հիմա գազելները հանում են, 100 մլն դոլար են ներդնում։ Բացի այդ, հաշվի առնելով որոշ փողոցների նեղությունը՝ միկրոավտոբուսներից հրաժարվելը խնդիրներ կառաջացնի»,-մանրամասնեց նա։
Տնտեսագետը կարծում է, որ եկամուտը հաշվարկելիս պետք է նաև այլ աղբյուրներն էլ ներառել, օրինակ` գովազդը, որի եկամուտներն էլ արդեն մեկ օպերատորը կտնօրինի, ինչը լրացուցիչ մուտք է։
Նա ընդգծեց, որ հաշվարկներ են իրականացրել, և ակնհայտ է, որ 7-8 տարվա ընթացքում հնարավոր է ներդրումներն ամբողջությամբ վերադարձնել, դա քաղաքապետարանի համար շահութաբեր համակարգ է։










