«Մտավախություն չունեմ, որ ՀՀԿ-ական վարչապետը կաշկանդված է լինելու տնտեսական բեկումնային փոփոխություններ իրականացնել». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ու որոշ նախարարների ՀՀԿ-ին անդամագրվելու հարցին, ասաց, որ ՀՀԿ-ն ոչ միայն փոփոխություններ է նախաձեռնել երկրում, այլ ինքն էլ փոփոխվող ու քաղաքական նորաձևության մեջ փոփոխություններ հարուցող, ստեղծող քաղաքական ուժ է, և այդ ամենը քաղաքական նորաձևություն թելադրելու քայլեր են:Ներկայացնում ենք Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցը:
- Պարո՛ն Աշոտյան, վարչապետն ու որոշ նախարարներ նոյեմբերի 24-ին հայտարարեցին թիմով ՀՀԿ-ին անդամագրվելու մասին, ու արդեն իսկ տեսակետներ կան, որ կառավարությունը կուսակցականացնելով` ՀՀԿ-ն փորձում է ավելացնել իր ազդեցությունը գործադիրի վրա և այն ավելի վերահսկելի դարձնել:
- Վարչապետն իր երեկվա ելույթում հանգամանորեն շարադրեց բոլոր դրդապատճառներն իր՝ նման քաղաքական որոշման համար: ՀՀԿ-ն է առաջադրել Կարեն Կարապետյանին որպես վարչապետ, ՀՀԿ-ն է երկրի նախագահի և կուսակցության ղեկավարի սահմանադրական գործառույթով ձևավորել նոր կառավարությունը, ՀՀԿ-ն է ԱԺ-ում հիմնականում ձայն տվել նոր կառավարությանը և նրա ծրագրին: Այս կառավարության քաղաքական հենարանն աներկբա ՀՀԿ-ն է: Դա անվիճելի փաստ է: Ազդեցության ավելացման մասով եթե ՀՀԿ-ն նման ստվերային խնդիր ունենար, ապա կուսակցական դառնալու խնդիրը շաղկապված կլիներ վարչապետի և նախարարների նշանակման հետ ի սկզբանե, ոչ թե դա տեղի կունենար պաշտոնավարման 70-րդ օրը: Որևէ մեկին որևէ կուսակցություն բռնի ձևով իր շարքերը չի ներառել, և սա անհատի քաղաքական որոշումն է: Իրավական տեսակետից վարչապետը և նախարարները ՀՀ քաղաքացիներ են, որոնք ունեն կուսակցական դառնալու իրավունք: Հատկապես որ նոր Սահմանադրությունը 2017 թ-ին ձևավորվող խորհրդարանին և կառավարությանը տալիս է բոլորովին այլ որակ և չի լինելու քաղաքականություն առանց կուսակցությունների:
- Սակայն խոսքը նախևառաջ երկրի գործադիր մարմնի մասին է, ոչ թե քաղաքական մարմնի:
- Գործադիր մարմինը՝ կառավարությունը ձևավորվում է քաղաքական ակտի, այն է՝ համապետական ընտրությունների արդյունքում, որին մասնակցում են քաղաքական ուժեր: Ակնհայտ է, որ կառավարությունը տարբերվում է տնօրենների խորհրդից այն առումով, որ նախևառաջ ունի քաղաքական երանգ: Կառավարության մեջ կարո՞ղ են լինել անկուսակցական վարչապետ և նախարարներ, իհարկե՝ այո: Բայց, կարծում եմ, վարչապետի այս քայլը վկայում է այն մասին, որ ինքն իր գործունեությունը Հայաստանում և Հայաստանի համար տեսնում է երկարաժամկետ կտրվածքով, ոչ այնքան այն 6-ամսյա ժամկետում, որով ստացել է կառավարման մանդատ՝ որպես վարչապետ:
- ՀՀԿ-ն ակնկալում էր, որ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետ նշանակելու դիմաց պիտի ՀՀԿ-ին վարձահատո՞ւյց լիներ իր թիմով կուսակցական դառնալով:
-Որտեղի՞ց եկաք նման իրականության: Վարչապետն ինքն է ասել, որ վստահում է այն թիմին, որն իրեն առաջադրել է որպես վարչապետ: Չմոռանանք նաև, որ ՀՀԿ-ն ոչ միայն փոփոխություններ է նախաձեռնել երկրում, այլ ինքն էլ փոփոխվող ու քաղաքական նորաձևության մեջ փոփոխություններ հարուցող, ստեղծող քաղաքական ուժ է և, եթե հիշում եք, ՀՀԿ նիստում նախագահն ասաց, որ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փոփոխությունների շոգեքարշ կարող է լինել: Ակնհայտ է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, տեղի է ունենում խորքային քաղաքական գործընթաց և այս տեսակետից մենք ողջունում ենք վարչապետի ու մի շարք նախարարների մուտքը մեր կուսակցություն:
- Դուք ասացիք՝ ՀՀԿ-ն նորաձևություն է թելադրում քաղաքականության մեջ, սակայն, տեսակետ կա, որ կառավարության կուսակցականացման այս քայլը ավելի շատ պոլիտբյուրոն ու խորհրդային տարիներն է հիշեցնում: Չե՞ք կարծում, որ սա ավելի հետքայլ է, քան նորաձևություն:
- Սա վստահաբար և՛ քաղաքական զարգացումների տեսակետից է առաջընթաց, և՛ մենք ակնկալում ենք առաջընթաց կուսակցական բարեփոխումների շրջանակներում: Գալիք համագումարը ոչ միայն այս խնդրով, այլև մի շարք այլ հարցերով, օրինակ, կուսակցական ծրագրի փոփոխություններով և լրացումներով, մեր կանոնադրության, մեր ընդլայնվող արտաքին կապերով, մեր քաղաքական նախաձեռնություններով լի համագումար է, և այս ամենը հենց նոր ռիթմ, քաղաքական նորաձևություն թելադրելու քայլեր են ակնհայտ: Կարծում եմ՝ բացարձակ աղերսներ չկան Ձեր մատնանշած ժամանակահատվածի հետ: Բազմակուսակցական խորհրդարանական կառավարման համակարգը բոլոր կուսակցություններին ստիպում է աշխատել՝ և՛ ընդլայնելով սեփական շարքերը, և՛ ամրացնելով գաղափարախոսությունը, ներգրավելով նոր մարդկանց, ստեղծելով ազդեցության նոր դաշտեր ու մեխանիզմներ: Եվ վարչապետի մուտքը ՀՀԿ այս գործընթացի կարևոր ու բաղկացուցիչ մասն է:
- Կարեն Կարապետյանի նշանակմամբ ազդարարվեց, որ նա գալիս է խոշոր բարեփոխումներ անելու, պայքարելու ստվերի դեմ, ազատականացնելու տնտեսությունը և այլն: Արդյոք ՀՀԿ-ական վարչապետն ու նախարարները չե՞ն կաշկանդվելու պայքարել սեփական կուսակիցների դեմ՝ ՀՀԿ-ական ներկրողների, օլիգարխների և օրինախախտ պաշտոնյաների դեմ:
- Ոչ մի դեպքում չի կարելի նույնականացնել կուսակցությունը պետության հետ, ոչ մի դեպքում չի կարելի նույնականացնել կուսակցությունը կառավարության կամ իշխանության հետ, և երկրում պետք է գործեն բոլոր այն կառուցակարգերը, օրենսդրական բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Կուսակցական պատկանելությունը բարեփոխումների ու փոփոխությունների այս բեկումնային փուլում ավելի շատ պարտավորություն է՝ լինել առավել օրինապաշտ, քան անպատասխանատվության հնարավորություն: Այս տեսակետից՝ ես ոչ մի մտավախություն չունեմ, որ ՀՀԿ-ական վարչապետը կաշկանդված է լինելու տնտեսական բեկումնային փոփոխություններ իրականացնելու: Ճիշտ հակառակը՝ կուսակցությունն իր կուսակցական մանդատով լրացուցիչ էներգիա և նեցուկ է լինելու նոր կառավարությանը առավել ինտենսիվ ջանքեր գործադրել թվարկած ոլորտներում երկարաժամկետ փոփոխություններ և էֆեկտ ստանալու համար:
- Դուք ասացիք նաև, որ Կարեն Կարապետյանն իր թիմով գալիս է նաև ՀՀԿ-ի ներսում փոփոխություններ կատարելու: Սա նշանակո՞ւմ է, որ կուսակցության ղեկավար մարմնում Դուք և մնացած ՀՀԿ-ականները Ձեր տեղը զիջելու եք Կարեն Կարապետյանին ու նրա թիմին:
- Կուսակցության ղեկավար մարմինը, եթե խոսքը գործադիր մարմնի մասին է, ընտրվելու է գալիք համագումարում: Ինչ վերաբերում է կադրային համալրումներին, Ձեր նշած տրամաբանությամբ, որևէ լուրջ գրանդ-ակումբ երբեք չպետք է ձգտեր նոր լավ խաղացողներ, աստղեր ձեռք բերել, որովհետև նա արդեն գրանդ-ակումբ է: Կարծում եմ, որ որևէ մեկի գոյությունը և աշխատանքը կուսակցական կամ պետական կառույցներում ինքնանպատակ չէ: Եվ այս տեսակետից գաղափարների, գործելաոճի և աշխատանքների առողջ մրցակցությունը կարող է միայն խթանել ներկուսակցական ժողովրդավարությունը և առավել ուժեղացնել կուսակցությունը:










