Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել. կա առնվազն 15 զոհ (լուսանկարներ)

14:54 • 25.11.16

Իրանի Սեմնան նահանգում ուղևորատար գնացքներ են բախվել իրար: Զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:


Բախումը տեղի է ունեցել Թեհրանից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շահրուդ քաղաքի Հաֆթ-Խան կայարանում:


Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ:


«Առնվազն 15 մարդ է զոհվել և ավելի քան 20 մարդ վիրավորվել վթարի հետևանքով»,- ասել է Իրանի «Կարմիր մահիկ» կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Ահմադին:


Իրանական լրատվամիջոցները հակասական տվյալներ են հաղորդում զոհերի և վիրավորների թվի առնչությամբ: Fars լրատվական գործակալությունը հայտնում է, որ 52 մարդ է վիրավորվել, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:


Լրատվամիջոցները չեն հայտնում, թե քանի ուղևոր է եղել գնացքներում: Fars գործակալությունը, սակայն, հայտնում է, որ 100 ուղևոր է փրկվել:


Պետական հեռուստատեսությունը ցույց է տվել գծերից դուրս եկած չորս վագոնի կադրեր, որտեղ երևում է, որ վագոններից երկուսն այրվում են:


Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ շարժման մեջ գտնվող ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կանգնած մեկ այլ գնացքի:

کراپ‌شده - تصادف قطار