Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը

11:16 • 26.11.16

15:14

Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Սերժ Ազատի Սարգսյանը:  Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկությամբ ընտրությունը անցկացվեց բաց և ընդունվեց ծափահարություններով:

ՀՀԿ նախագահի թեկնածուի առաջադրումից և ընտրությունից առաջ  ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ Սերժ Սարգսյանին առաջադրելու առաջարկությամբ` հաշվի առնելով ՀՀԿ տարածքային կազմակերպություններից ստացված առաջարկները և մեծ վստահությունը կուսակցության նախագահի նկատմամբ:

Այլ թեկնածություններ չառաջադրվեցին: Երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սա արձանագրեց, Սերժ Սարգսյանը տեղից նկատեց` «Ինչի ես շտապում»: 


--------------------------

 15:02

Ծրագրային փոփոխություններով ուժեղացնում ենք կուսակցության պլատֆորմը և բովանդակությունը. Արմեն Աշոտյան


Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրեց ՀՀԿ ծրագրում առաջարկվող փոփոխությունների և լրացումների նախագիծը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի գործող ծրագիրը ընդունվել է 2006 թվականի համագումարին և ծրագրային առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով: 

Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջին հանգամանքն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրվում է խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական կուսակցությունների դերը, որոնց կարևոր հանգամանքը ծրագիրն է:

«Ծրագրային փոփոխություններով ուժեղացնում ենք կուսակցության պլատֆորմը և բովանդակությունը՝ այն դարձնելով առավել գաղափարական: Երկրորդ կարիք կա առավել մանրամասնելու, հիմնավորելու և բացատրելու ազգային պահպանողականության հիմնական սկզբունքները և աշխարհայացքը, որպեսզի մեր շարքային անդամների, քաղաքացիների համար ավելի հասկանալի լինի դավանած արժեքների և սկզբունքները»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ կուսակցության ծրագիրը պարունակում է նաև ոլորտային քաղաքականության դրույթներ և մոտեցումներ, որոնք վերջին տասը տարիների ընթացքում  նոր ձևակերպումների և մտքերի առարկա են դարձել, ուստի գործող ծրագրում անհրաժեշտություն է առաջացել նոր գաղափարները ոլորտային քաղաքականությունների մեջ ամրագրել:

«Ի վերջո ներկայացված փոփոխություններն առավել հստակ են պատասխանելու այն հարցերին, թե ով ենք մենք, ինչպիսի արժեքներ ենք դավանում, ինչպիսի պատկերացումներ ունենք մարդու, հասարակության և պետության փոխհարաբերությունների մասին և ինչպիսի Հայաստան ենք երազում մեր քաղաքացիների համար»,-ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը կարևորեց բոլորի հավասար հնարավորությունների ապահովումը: «Միակ քաղաքական համակարգը, որն ի զորու է լիարժեք պաշտպանել մեր արժեքներն ու ազատությունները դա բազմակարծության վրա հիմնված այն ժողովրդավարությունն է, որտեղ քաղաքացիներն ընդունում են և կիսում են իրենց պատասխանատվությունը պետության և մարդու հանդեպ: Մենք վճռական ենք հասնելու այնպիսի իրականության, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի վստահ լինի, որ ձայնը լսելի է, իսկ քննադատությունը ուշադրության և հարգանքի արժանի»,-ասաց նա:

 
--------------------------

 
14:51

Պատրաստ ենք գալիք քաղաքական և գաղափարական մրցապայքարին և հաղթելու ենք․ Հերմինե Նաղդալյան


Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում մեր կուսակցությունը ոչ միայն ղեկավարող ու կառավարող դիրք է գրավում, այլև վստահորեն առաջնորդում է հասարակական- քաղաքական կյանքը, նախանշում զարգացման ու առաջընթացի ծրագրեր․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող  ՀՀԿ 16-րդ համագումարին այսպես սկսեց իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, թե վստահ է, որ կուսակցության ղեկավարի և երկրի նախագահի առաջադեմ ծրագրերի արգասիքն է կառավարման առավել ժողովրդավարական խորհրդարանական համակարգին անցնելու հասարակական-քաղաքական գործընթացը:

«Վստահ եմ` բոլորիս ջանքերի և աշխատանքի շնորհիվ այս քաղաքական ծրագիրը կիրագործվի հաջողությամբ, ու մենք կունենաք առավել առաջադեմ կառավարման համակարգ»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս 21-րդ դարի քաղաքական բնութագրիչներին համապատասխան և իրականացնում է պետականամետ և ազգային արժեքների վրա հիմնված քաղաքականություն:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց նաև, որ նոր հասարակական զարգացումները և Սահմանադրությունը նաև մնացած կուսակցություններին են հնարավորություններ տալիս գործելու:

«Հանրապետականներս հավատում ենք, որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն հասարակության լայն շրջանակների, մարդկանց առանձին խմբերի շահերն ու նպատակները և կլինեն մեր արժանի մրցակիցները քաղաքական պայքարում՝ հանուն պետության զարգացման»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ ՀՀԿ-ում ներգրավված կանանց դերին ու գործունեությանը: «Մեր կուսակցության  կանանց գործունեությունը նպաստում է սոցիալական արդարության արմատավորմանը, գոյություն ունեցող բազմաթիվ մարդկանց կյանքը դժվարացնող և դառնացնող խնդիրների լուծմանը, հասարակական բևեռացման կրճատմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր հասարակական զարգացումները՝ նոր սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը նաև կանանց են տվել հնարավորություններ ներգրավվելու, նրանց դերը տարբեր գործընթացներում բարձրացնելու համար:

Ելույթի վերջում նա դիմեց երկրի նախագահին՝ վստահեցնելով, որ պատրաստ են գալիք քաղաքական և գաղափարական մրցապայքարին և հաղթելու են:


-------------------------

11:54

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՀՀԿ 16-րդ համագումարում կընդունվեն տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ որոշումներ

ՀՀԿ 16-րդ համագումարին հրավիրված էր նաև ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը ով իր ելույթում նշեց, որ Հանրապետական կուսակցության հետ ունեն հատուկ եղբայրական հարաբերություններ։

Նա նաև ընթերցեց «Եդինայա Ռոսիա»-­ի նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Մեդվեդևը ընդգծել էր, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ավելի սերտ և նոր հնարավորություններ է բացվել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:


«Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առևտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացման, մշակութային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաև Հանրապետական և

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»,- ասվում էր ուղերձում։


Մեդևդևը նաև հույս է հայտնել, որ համագումարում կընդունվեն արդյունավետ որոշումներ, որոնք կնպաստեն երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական մարտահրավերների լուծմանը։

 


--------------------
12:04


ՀՀԿ-ն նոր անդամներով համալրելուն զուգահեռ, մեր շարքերը զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված սեփական խնդիրներ լուծողներից. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին ներկայացրեց նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածի հաշվետվությունը:

«ՀՀԿ-ն շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ծրագրերային նպատակներին համահունչ ազդեցության ավելացման արդյունավետությունը: Միայն այս տարվա ընթացքում կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակը ավելացել է 22-ով, եղել են կուսակցական օղակներ, որոնք լուծարվել են: Հանրապետական նոր անդամներով համալրել զուգահեռ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»,- ասաց նա և ուշագրավ համարեց, որ ՀՀԿ-ի կազմից 18-40 տարիքային խումբ են ներկայացնում կուսակիցների 35 տոկոսից ավելին, կանայք մեծամասնություն են կազմում և կուսակցականների շուրջ 54 տոկոսն են:

Սերժ Սարգսյանն ասաց, որ Հանրապետականի մեխանիկական աճը, անշուշտ, իրենց նպատակը չէ, քիչ ջանքեր չենք ներդնել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար և թեև ձեռքբերումներ կան, սակայն իրենց հպատակեցրած համակարգից էապես հեռու են:

Նա նշեց, որ հասարակություն կուսակցության առաջնային օղակներ, տեղական կառույցներ կապը, թեև վերջին տարիներին ավելի է սերտանում, բայց էապես անբավարար է մնում: «Խնդիր-լուծման-տարբերակներ-որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է մեր երկրում, այս դեպքում ամենևին էլ բյուրոկրատան չէ, այլ հարցերն առաջ տանելուն ուղղված օղակների անհետևողականությունը, նույնիսկ անգամ անհամարձակությունը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով, թեև նշեց, որ այն շատ է հղկվել վերջին տարիներին:

«Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում: Անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշախատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա ջանք թափող գործիչներն են»,-ասաց նա և նշեց, որ այս տեսանկյունից կուսակցությունում հատուկ մարմին կստեղծեն, որը մշտական բանավեճի ակումբ կդառնա: Նա նշեց, որ շարունակելու են բացահայտել և մեր շարքերում ընդգրկել բանիմաց և խոստումնալից երիտասարդներին, պետք է բարձրացնեն կանանց ներգրավածությունները որոշումների կայացման բոլոր բնագավառում:

Սերժ Սարգսյանը առաջարկեց արդիականացնել կուսակցական ծրագրերը:


 ––––––––––––––––––

11։37


Համագումարին տեսաուղերձով ողջունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: Նա նշեց, որ ՀՀԿ այս համագումարը տեղի է ունենում երկրի ու ՀՀԿ–ի համար շատ կարևոր պահի:

«Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին` ճանապարհին դեպի Եվրոպա: ՀՀԿ-ն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է»,-հայտարարեց ԵԺԿ նախագահը:

Ժոզեֆ Դոլը հավելեց, որ որպես իշխող կուսակցություն ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն` քաղաքական կայունությունը վերականգնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու: 

Որպես եզրափակում իր ելույթի` ԵԺԿ նախագահը նշեց, որ այս ամենը կարևոր է հայ ժողովրդի համար, որն արժանի է ապրելու կայուն, բարգավաճ ու կայուն երկրում:

––––––––––––––––––

11:20

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանյան կուսակցություններից ՀՀԿ համագումարին կմասնակցեն «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն,  «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն և «Ռեֆորմիստներ» կուսակցություն: 

Օրակարգի հարցերն են` Հայաստանի Հանրապետության կուսակցության նախագահի հաշվետվություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ կանոնադրության և ծրագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին հարց, կուսակցության նախագահի ընտրություն, կուսակցության մշտական գործող գործադիր մարմնի անդամների ընտրություն, Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն և համագումարի բանաձևի ընդունում։


Հանրապետական կուսակցության 16–րդ համագումարը վերջինն է 2017-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի սպասվում է, որ փոփոխություններ են լինելու ՀՀԿ ղեկավար կազմում։ Երեկ այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմում։ Մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Կարեն Կարապետյանը լինելու է կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունում սպասվում են նաև կանոնադրական փոփոխություններ։


Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը