Հարյուր տոկոսանոց սուտ է․ Կովալենկո Շահգալդյանը հերքեց, որ թոռանը Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել

10:00 • 26.11.16

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց  ավելի շուտ տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ այսօր ուշ գիշերին «Օջախ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել, և իր թոռը՝ Տիգրան Շահգալդյանը, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նշեց, որ կենցաղային վիճաբանության հիման վրա վնասել են նրա ոտքը։

«Մնացած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում,- ասաց նա՝ նկատի ունենալով՝ լրատվամիջոցներով տարածվածը, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել Տիգրան Շահգալդյանին,- դա հարյուր տոկոսանոց սուտ է»:

Հարցին, թե ում հետ է վիճաբանությունը եղել, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց․ «Պատահական է եղել»: Նա նաև նշեց, որ իր թոռը լուրջ վնասվածքներ չի ստացել, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, գնում է տուն:

«Հիմա ոստիկանությունը վարույթ է ընդունել, կհետաքննի, դեպքի հետ կապված մանրամասները պարզ կլինեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝  «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Կասկածներ կային, որ նրան դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան։

 

 

 

Հարյուր տոկոսանոց սուտ է․ Կովալենկո Շահգալդյանը հերքեց, որ թոռանը Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել