Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը. Նախագահ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: Նախագահը նշել է, որ Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը։
ՀՀ Նախագահը նշեց, որ Հանրապետականը շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության ավելացման արդյունավետությունը: Միայն այս տարվա ընթացքում կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով: Եղել են նաև կուսակցական օղակներ, որոնք լուծարվել են: Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից:
«Ուշագրավ է, որ Հանրապետականի կազմում 18-40 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում մեր կուսակիցների 35 տոկոսից ավելին: Միևնույն ժամանակ, կանայք մեծամասնություն են կազմում և կուսակցականների շուրջ 54 տոկոսն են:
Հանրապետականի մեխանիկական աճը, անշուշտ, մեր նպատակը չէ: Քիչ ջանքեր չենք ներդրել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար։ Ձեռքբերումներ այս մասով, անշուշտ, ունենք, բայց ինչպես բազմիցս քննարկել ենք, մեր պատկերացրած համակարգից դեռ էապես հեռու ենք։ Հասարակություն-կուսակցության առաջնային օղակներ՝ տեղական կառույցներ կապը թեև վերջին տարիներին ավելի է սերտանում, բայց դեռ էապես անբավարար է մնում խնդիրների և դրանց լուծումների՝ կուսակցության ուղղահայաց աստիճանականությամբ շրջապտույտի արագությունը։ Խնդիր-լուծման տարբերակներ-որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է դեռ մեր համակարգում։ Այս դեպքում, կարծում եմ, հարցն ամենևին էլ մեծ կառույցներին բնորոշ բյուրոկրատիան չէ, այլ ավելի շուտ հարցերն առաջ տանելուն կոչված օղակների անհետևողականությունը, եթե կուզեք՝ անգամ անհամարձակությունը։ Նման երևույթների առկայությունն իրոք տեսանելի է։ Գալիք տարիներին առաջին հերթին այս ուղղությամբ ենք առաջ տանելու մեր ներքին կազմակերպական աշխատանքը։
Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը։ Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա՝ առնվազն արդար չէ։ Սակայն չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա մանրամասն ջանք թափող գործիչներինն է։ Այս տեսանկյունից մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։
Մենք շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել խոստումնալից և բանիմաց երիտասարդների: Մենք նաև պետք է հետևողական ջանքեր կիրառենք, որպեսզի բարձրացնենք կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում։
Այդ նպատակով դեռ նախորդ համագումարի ժամանակ ես և մեր մի շարք գործընկերներ կարևորեցինք կուսակցության քաղաքական դպրոցի հիմնումը: Այս դպրոցի միջոցով բարձրացնելու ենք քաղաքական և քաղաքացիական կրթության մակարդակը՝ ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ երկրի կտրվածքով: Այն պետք է դարձնենք մտավոր աշխատանքի և միջազգային համագործակցության մեր կարևոր հարթակներից մեկը:
Ուրախ եմ, որ Հանրապետականի Գործադիր մարմնի որոշմամբ այս նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է: Մեր լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցն արդեն բացել է իր դռները 100-ից ավելի երիտասարդների համար»,– ասաց նա:
Նախագահը նշեց, որ այս համագումարի օրակարգում նաև ընդգրկված է Հանրապետականի ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մենք միշտ կարևորել ենք գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Առաջարկում ենք արդիականացնել կուսակցության ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական և գաղափարախոսական առանցքը: Ծրագրի նախագիծը և առաջարկվող մոտեցումներն արդեն շրջանառվել և քննարկվել են կուսակցության բոլոր մակարդակներում: Այդ գործընթացի ամփոփումը կկատարի այս համագումարը:
Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է:
Այս առումով՝ պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության և ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում»,– ասաց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ընդարձակվել են Հանրապետականի կապերն արտաքին աշխարհում: Միջազգային շփումները թույլ են տալիս ծանոթանալ և հետևել քաղաքական գործունեության լավագույն փորձին, տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին:
«Շարունակել ենք մեր համագործակցությունը «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական միջկուսակցական շրջանակներում: Այս վերջին կարևոր նախաձեռնության փուլերից մեկը հյուրընկալել ենք Երևանում: Տրամադրված ենք լրջորեն զարգացնելու և խորացնելու համագործակցության այս ձևաչափը: Նաև քննարկում ենք փորձագետների և քաղաքական գործիչների պարբերական հանդիպումների, ինչպես նաև մեր քաղաքական դպրոցների լավագույն շրջանավարտների փոխանակումների ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Լինելով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ՝ մենք լիարժեքորեն ներգրավված ենք եղել այդ ամենախոշոր և ազդեցիկ եվրոպական քաղաքական ընտանիքի գործունեության մեջ: Այս ընթացքում մեր երիտասարդական կառույցն անդամակցել է երիտասարդ ԵԺԿ-ին և Եվրոպայի ժողովրդավար ուսանողների միությանը, իսկ կանանց խորհուրդը դարձել է ԵԺԿ կանանց կազմակերպության անդամ: Հանրապետականը միշտ ներկայացված է եղել ԵԺԿ համագումարներում, գագաթնաժողովներում և քաղաքական համաժողովներում: Անցյալ տարի ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը նվիրված խիստ ու հստակ բանաձև: Այս տարի ընդունված մեկ այլ քաղաքական բանաձևով մեր եվրոպացի գործընկերներն իրենց աջակցությունը հայտնեցին մեզ ապրիլյան պատերազմի օրերին:
Շարունակում ենք նաև մեր աշխույժ շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ: Նման միջկուսակցական կապերը գալիս են ամրապնդելու հայ-չինական դարավոր բարեկամությունը»,– նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: «Այս մասին մենք բազմիցս և հանգամանալիորեն խոսել ենք։ Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:
Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը:
Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ:
Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Առիթից օգտվելով՝ առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ նրան և մեր նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը:
Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին:
Քաղաքական դաշտի շարունակական բյուրեղացման մեկ այլ օրինակ էին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները: Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70%-ում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը: Սա իրապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում տեղերում աշխատանքի, մեր կուսակցական ջանքերի արդյունավետության և մեր հետևողականության մասին։ Այո՛, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց, և ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում։
Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017 թվականի գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները: Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ:
Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:
Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։
Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,– ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը:










