Պետք է բնակչությունից հարցնեք, թե ՀՀԿ–ին ինչպես են գնահատում. Տարոն Մարգարյան
«Հանրապետական» կուսակցության համար տոնական օր է այսօր: ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ն է ՀՀԿ վարկանիշը հանրության շրջանում, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ: Պետք է բնակչությունից հարցնեք, իրենք պետք է գնահատեն, թե պահպանողական կուսակցությանը ինչպես են գնահատում»:
Լրագրողների այն հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցեց ՀՀԿ-ին, որպեսզի «փրկի՞» կուսակցության դեմքը, ապա Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Տարին 12 ամիս 365 օր ՀՀԿ-ին նոր դեմքեր են անդամակցում: Մենք ուրախ ենք, հպարտ ենք, որ մարդիկ ցանկանում են անդամագրվել ՀՀԿ-ին, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, ում մենք շնորհակալ ենք, ուրախ ենք, որ իր բարձր հեղինակությամբ ցանկացավ անդամակցել ՀՀԿ-ին»:
Հարցին՝ այդ ինչպես մեկ գիշերում Կարեն Կարապետյանի ետևից 7000 հոգի ՀՀԿ-ին անդամակցեց, Երևանի քաղաքապետը պատասխանեց. «Հայաստանում քի՞չ մարդ կա ձեր կարծիքով, որ անկուսակցական է...»:










