Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում. Արմեն Աշոտյան

12:03 • 28.11.16

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը media-center.am-ի եթերում անդրադարձավ ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը և պատասխանեց լրագրողների հարցերին. «Հանրապետականը նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Այդ տեսանկյունից Հանրապետականը նույնպես քաղաքական ձուլարան է, կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի ալիքներ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ամենաժողովրդավար կուսակցությունն է:

«Հանրապետականը տարբեր է, և նրա հարստությունը հենց այդ տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ «Հանրապետական» կուսակցությունը միակն է կամ միակներից է, որն իր գոյություն ընթացքում 3 առաջնորդ է կորցրել և շարունակել է վերարտադրվել:

«Կարո՞ղ եք մտաբերել մի քաղաքական ուժ, որը կորցնի իր առաջնորդին, և կարողանա նման կերպով վերարտադրվել և պահպանվել»,-ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ գտնում է, թե ազատականների քաղաքական դաշտը Հայաստանում ապագա ունի մի դեպքում, եթե միավորվի և այդ դեպքում 15 տոկոս էլեկտորատ կարող է ունենալ, քանի որ կա դաշտ, որը սպասում է իր տիրոջը:

Աշոտյանն անդրադարձավ նաև վարչապետի՝ ՀՀԿ անդամակցմանը.

«Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, գործադիր տնօրեն չէ կառավարության, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասաց նա և նշեց, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»:

Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն մարդ է ընդունում, այլ նաև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չտվեց: