Հունվարի 1-ից Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո. փոխնախարար

09:48 • 29.11.16

2017թ. հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունենալիք փոփոխությունների, ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանի հետ:

- Պարոն Ազիզյան, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, խոսվում էր այն մասին, որ ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը չի մաքսազերծվելու: Ի՞նչ է փոխվել, ո՞ր տեսակի ապրանքն է մաքսազերծվելու, և արդյոք ի սկզբանե պա՞րզ էր, որ 2017 թվականի հունվարի 1-ից այդպես է լինելու:


- ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրով Հայաստանի համար սահմանվել էր բացառություն: Այն է` ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների համար՝ անկախ այն հանգամանքից՝ այդ արտադրանքի թողարկման ընթացքում օգտագործվո՞ւմ է երրորդ երկրներից ներմուծված հումք, թե ոչ, չի պահանջվի մաքսատուրքի վճարում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Այսինքն՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ցանկացած հումք, օրինակ, ոսկին, որ ներմուծվում է ազատ տնտեսական գոտի, դրանից արտադրվում են զարդեր, ԵԱՏՄ տարածք ներմուծելիս առանց մաքսազերծման ստանում է ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ 2017 հունվարի 1-ից հետո այդ բացառությունը վերանում է։ Այսինքն՝ ինչպես ԵԱՏՄ մյուս անդամ երկրների պարագայում, Հայաստանում ևս երրորդ երկրներից ներմուծված հումքով ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները ԵԱՏՄ տարածք առաքելու դեպքում պետք է վճարվի մաքսատուրք` միայն վերոնշյալ հումքի մասով։

- Պարո՛ն Ազիզյան, ոչ ԵԱՏՄ անդամ այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագիր ունի, գործելո՞ւ են այդ համաձայնագրերը հունվարի 1-ից հետո:

-Ազատ առևտրի համաձայնագրերը, որոնք Հայաստանն ուներ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Վրաստանի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների հետ, ուժի մեջ են և շարունակելու են գործել:

-Ի՞նչ է փոխվում Հայաստանի հարևան, բայց ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններում հունվարի 1-ից հետո:

-Եթե ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները չեն արտահանվում ԵԱՏՄ, այդ թվում՝ վաճառվում Հայաստանում, ապա դրանց համար ոչ մի փոփոխություն չի լինում, այսինքն՝ մաքսատուրք չի վճարվում:

-Ի՞նչ դրական կամ բացասական հետևանքներ կթողնի սա, կամ՝ ի՞նչ ռիսկային գործոն կա այս փոփոխության մեջ:

-Այսուհետ ԵԱՏՄ-ում հավասար դաշտում են սկսում գործել բոլոր ազատ տնտեսական գոտիները։ Այսինքն՝ այն բացառությունը, որ մենք ունեինք, դա ժամանակավոր առավելություն էր և այժմ վերանում է: Ունեինք մրցակցային առավելություն, հիմա ԵԱՏՄ-ում մնացած արտադրողների հետ հավասար մրցակցային դաշտում ենք հայտնվում:

-Ինչ ռիսկայնության մասո՞վ։

- Ցանկացած առավելության վերացում ունի որոշակի բացասական հետևանքներ և ռիսկեր, որոնք գործարարների և պետության ջանքերով պետք է հնարավորինս նվազեցնել: Ներկայումս դիտարկվում են որոշակի մոտեցումներ, որոնք առաջիկայում կքննարկվեն այդ տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների հետ: Համենայն դեպս կցանկանայի ընդգծել, որ չնայած այս առավելության վերացմանը, ազատ տնտեսական գոտիներում գործող ընկերություններին վերապահված են մի շարք այլ արտոնություններ, որոնցով նրանք առավելություն ունեն ԵԱՏՄ այլ արտադրողների նկատմամբ:   

-Բացառությունից օգտվող միակ երկիրը մինչ օրս Հայաստա՞նն էր:

- ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանը ևս ուներ նման առավելություն, իսկ 2017թ. հունվարի 1-ից պայմանները բոլորի համար դառնում են նույնը: