Օքսֆորդի շրջանավարտ բեյրութահայ երիտասարդը Ստամբուլում անվճար հայերեն է դասավանդում իսլամացած հայերին
Ծնունդով Բեյրութից Օքսֆորդի շրջանավարտ Հրակ Փափազյանն արդեն մի քանի ամիս է, ինչ կամավոր կերպով ստանձնել է Դերսիմի հայերի` հասարակական, մշակութային, կրթական, պատմական և հավատամքի հարցերով ուսումնասիրությամբ ու խորհրդատվությամբ զբաղվող «ՀԱՅ ԴԵՐ» և «Սեբաստիայի հայերն ու նրանց բարեկամները» միությունների համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպվող արևմտահայերենի անվճար դասընթացների վարումը:
Վերջերս էլ իր անձնական նախաձեռնությամբ Հրակին հաջողվեց կազամվորել իսլամացված հայերից բաղկացած մեկ այլ, առանձին խումբ, որտեղ կան նաև Մուշում, Սասունում, Ադափազարըում, Բինգյոլում մեծացած հայեր, որոնք տարիներ շարունակ հեռու են գտնվել Ստամբուլի հայկական համայնքից, եկեղեցուց և դպրոցներից կամ ինչ-ինչ պատճառներով ավելի ուշ են տեղեկացել իրենց ծագման մասին:
Նշենք, որ շաբաթներ առաջ «Հրանտ Դինք» հիմնադրամի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպված «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Հրակ Փափազյանը ներկայացրեց իր «Հայերն ու «այլ» հայերը Թուրքիայում» վերնագրով զեկույցը, որը հիմնված է իր` դեռևս պատրաստման փուլում գտնվող դոկտորական աշխատանքի առաջին փուլի ուսումնասիրության մի մասը:
Հրակը չի թաքցնում իր հուզմունքն ու ուրախությունը, երբ ամիսներ անց արդեն տեսնում է իր աշակերտների` ինքնուրույն կերպով գրված հայատառ առաջին նախադասությունները:
«Այսօր հունձքի օր էր: Աշակերտներս ամիսներ անց կարողացան հայերենով ինքնուրույն նախադասություններ կազմել և շարադրել հինգ րոպեում` առանց օգնության: Այսպիսով` ստացա «աշխատավարձս», - նշում է Հրակ Փափազյանը:
Tert.am-ի հետ զրույցում երիտասարդ հայ ուսումնասիրողը պատմեց, որ իր աշակերտների շրջանում կան ալևի դերսիմցի հայեր, սասունցի մահմեդական հայեր, ինչպես նաև սեբաստացի, կեսարացի, կաստամոնցի քրիստոնյա հայեր:
«Շատ ոգևորված եմ, շատ եմ սիրում մեր լեզուն: Իհարկե, մի քիչ դժվարանում եմ, բայց ոչինչ, վաղ թե ուշ կհաջողեմ այս հարցում»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց դասընթացների մասնակիցներից սասունցի Տիգրան Զունգյորը` ծնունդով Մուշից:
Արդեն բավականին հասուն տարիքում մայրենին սովորելու գործը ստանձնած դերսիմցի Նվարդ Գյոքթաշը նշում է, որ թեև իր երիտասարդությունը որպես հայ չի անցկացրել, սակայն եկավ մի պահ, երբ ներքին ազգային ինքնագիտակցույթունն ավելի զորեղ գտնվեց:
«Դերսիմում հայերեն չէին խոսում: Ես որպես հայ չմեծացա: Ցանկացա իմ լեզուն իմանալ, սովորել: Շատ եմ երջանկանում հայերենը սովորելով: Նաև կարողանում եմ մեր հայերնիքի հին հայկական անուններն ավելի պարզ ընկալել», - ասում է Գյոքթաշը:
Նշենք, որ Թուրքիայում իսլամացված հայերի` հայկական դպրոցներում մայրենին սովորելու հնարավորությունը փաստացի անհնար է առաջին հերթին հենց երկրի օրենքների համաձայն: Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն:
Ըստ Լոզանի պայմանագրի երրորդ բաժնի 37-45 կետերի `կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն,լազերը և առհասարակ ոչ թուրք բոլոր մահմեդականները:
Այսպիսով` Ստամբուլում գործող համայնքային հայկական դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ:
Փաստացի այս գործընթացից դուրս են մղվում նաև ալևիացած և մահմեդականացված բոլոր հայերը, որոնց շրջանում հայերեն սովորելու ձգտում դրսևորողների առաջ միակ բաց «պատուհանը» մնում է վերջին տարիներին որոշ միությունների կամ անհատների կողմից նախաձեռնվող բաց դասընթացները, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Տիգրանակերտում, Դերսիմում և Մուշում:
Շատ հաճախ այս դասընթացները շարունակական բնույթ չեն կրում ֆինանսական աջակցության բացակայության պատճառով:










