«Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել». Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպայի կինը ամուսնու հետ 2 տարի կապ չի ունեցել

18:05 • 05.12.16

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպա Նորայր Մինասյանի կինը՝ Սաթիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ ամուսնու՝ Ադրբեջանին հանձնվելու վերաբերյալ տեղեկություն իրեն հայտնի չէ և որ իրեն որևէ մեկը չի փորձել ճնշել Հայաստանում:

Հիշեցնենք, որ ըստ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցի՝ 36-ամյա Նորայր Մինասյանն ավագ լեյտենանտի կոչումով ծառայել է Նախիջևանի սահմանակից զորամասերում՝որպես հակատանկային վաշտի հրամանատար: 2014 թվականի փետրվարին Մինասյանը ձերբակալվել է և զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն, 6 ամիս անց նա ազատ է արձակվել: Ըստ նույն կայքի՝ Մինասյանը բնակվում է Սոչիում, և պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:

«Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել: Ընդհակառակը, ես ընդամենը մի քանի ամիս առաջ դպրոցի տնօրեն եմ դարձել, երեխաներիս հետ ապրում եմ Արցախում: Խիստ անհասկանալի ու կասկածելի է ինձ համար այդ տեղեկությունը: Ես որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»,-ասաց Մինասյանի կինը՝ հավելելով, որ ամուսինը երկու տարի առաջ գնացել է Ռուսաստան գումար աշխատելու և նրանից այլևս լուր չի ունեցել այս ընթացքում:

«2015 թ-ի ապրիլ ամսից իր հետ կապ չեմ ունեցել, անգամ երբ երկրորդ բալիկս ծնվել է, իր հետ կապ չի եղել»,- ասաց նախկին սպայի կինը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ Նորայր Մինասյանը զորացրված սպա է և որ ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ սպայի` Բաքու տեղափոխվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցում տեղ գտած լուրը.

«ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հարցը, դեռ չենք կարող որևէ բան մեկնաբանել»: