Այսօր մահացած զինծառայողը բանակ էր զորակոչվել հուլիսի 22-ին. ծնողներին հայտնել են որդու մահվան լուրը
Դեկտեմբերի 8-ին` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը բանակ էր զորակոչվել 2016 թվականի հուլիսի 22-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Դիլիջանի տարածքային զինվորական կոմիսարիատից:
Զինկոմիսարիատից հայտնեցին, որ Ալբերտ Պոստոլոկյանի ընտանիքի անդամներն այս պահի դրությամբ գտնվում են զինկոմիսարիատում և տեղյակ են պատահածի մասին:
Դիլիջանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Ալբերտ Պոստոլոկյանը Դիլիջան քաղաքի բնակիչ է:
Ֆեյսբուքի իր էջում վերջին գրառումը Ալբերտ Պոստոլոկյանը լուսանկար է հրապարակել, որում գրված է. «Մենք քիչ ենք, բայց հայ ենք»:










