Թուրքիայում վերսկսվել են քրդամետ կուսակցության անդամների դեմ ոստիկանական գործողությունները

10:40 • 12.12.16

Թուրքիայում մեծ թափով վերսկսվել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ ոստիկանական գործողությունները:

Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Մանիսայում և Մերսինում խոշոր ոստիկանական գործողություններ են իրականացվել կուսակցության շտաբերում, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մերսինում ձերբակալվել է կուսակցության 51 անդամ, այդ թվում՝ կուսակցության` Մերսինի շտաբի ղեկավարը: Կուսակցության ևս 20 անդամ ձերբակալվել է Ստամբուլում, 17-ը` Անկարայում, 25-ը` Ադանայում, Մանիսայում` 5-ը:

Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի, նրանց ֆինանսավորելու և ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:


Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:


2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել ՔԱԿ-ի հետ կապերի համար։

Թուրքիայում վերսկսվել են քրդամետ կուսակցության անդամների դեմ ոստիկանական գործողությունները