Հունաստանի ՊՆ-ն զգուշացում է հղել Թուրքիային
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը զգուշացում է հղել Թուրքիային: Կամենոսը հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռները շատ ցածր բարձրության վրա են սկսել թռիչքներ իրականացնել հունական կղզիների վրայով և հավելել, որ նման պարագայում հնարավոր է վթար լինի, ինչի դեպքում պատասխանատվությունն ամբողջովին Թուրքիան կկրի: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Հունաստանը լավ գիտի՝ ովքեր են Էգեյան ծովում լարվածություն և անգամ՝ վթարներ առաջացնել փորձողները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել եմ այս թեման, բացատրել եմ, որ թուրքական ուղղաթիռները 70 մետր բարձրության վրա են թռչում մարդաբնակ կղզիների վրայով և որ դա կարող է վթարի պատճառ դառնալ: Եթե նման բան տեղի ունենա` ամբողջ պատասխանատվությունը Թուրքիայինն է»,- հայտարարել է Հունաստանի ՊՆ ղեկավարն ու հավելել, որ Հունաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքում Հունաստանը նման սադրանքն անպատասխան չի թողնի:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոզանի միջազգային պայմանագրի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել:
Էրդողանը, մասնավորապես, նշել էր. «Ոմանք փորձում են Լոզանի պայմանագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում»:
Ավելի ուշ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ Լոզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի և Հունաստանի միջև գծված սահմանները ենթակա չեն որևէ քննարկման, և կոչ արել հարգել Հունաստանի տարածքային ամբողջականությունը:
Նշենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և հանդիսանում է 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Լոզանի պայմանագրով պաշտոնապես հանգուցալուծվեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:










