Թուրքիայում աշակերտներն ուսուցչի դրդմամբ լուսանկարվել են կախաղանի պարանը ձեռքում բռնած` պահանջելով մահապատժի վերականգնում երկրում
Ստամբուլի Բաշակշեհիր շրջանում գտնվող «Օսմանգազի» նախակրթարանի ուսուցիչներից մեկը յուրօրինակ կերպով է որոշել իր աջակցությունը հայտնել երկրի իշխանություններին մահապատժի վերականգնման առաջարկի հարցում:
Նախակրթարանի մանկահասակ աշակերտներն ուսուցչի դրդմամբ լուսանկարվել են կախաղանի պարանը ձեռքում բռնած` պահանջելով մահապատժի վերականգնում երկրում: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Ուսուցիչ Այդըն Էրեքմենը շտապել է հրապարակել այս լուսանկարը Facebook-ի իր էջում, ինչն էլ բուռն քննադատության է արժանացել սոցցանցի թուրք օգտատերերի կողմից:
Դպրոցի փոխտնօրենի հավաստմամբ` տնօրինությունը տեղյակ չի եղել կատարվածի մասին, և դեպքը կուսումնասիրվի ամենայն մանրամասնությամբ:
Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները երկրում սկսեցին ի հայտ գալ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել, հազարավորները` վիրավորվել:
Սակայն պատժի այս տեսակի վերականգնումը հակասական մոտեցումներ է առաջացնում երկրում, քանի որ այն նախևառաջ կարող է խոչընդոտ լինել Եվրամիության անդամ դառնալու հարցում, ինչին Թուրքիան այդքան ձգտում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










