Haqqin.az-ին հարցազրույց տված Լուսինե Ներսիսյանը չի ձերբակալվել. ԼՂՀ ոստիկանություն

16:55 • 15.12.16
Haqqin.az-ին հարցազրույց տված Լուսինե Ներսիսյանը չի ձերբակալվել. ԼՂՀ ոստիկանություն

 

Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի 19-ամյա բնակչուհի Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ: Այս մասին գրել է ադրբեջանական Haqqin.az-ը։

Նշենք, որ Լուսինե Ներսիսյանը երեկ տեսակապի միջոցով «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ, կայքի թղթակից Վահան Մարտիրոսյանին հայտնել է, թե ինքը միանում է Բաքվի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակին»: Դրանից հետո ադրբեջանական կայքը տեղեկատվություն է տարածել, թե 19-ամյա Ներսիսյանին ձերբակալել են։

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ում Լուսինե Ներսիսյան անունով անձ չի ձերբակալվել։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք խուզարկություն կատարվե՞լ է, ոստիկանության փոխգնդապետը նշեց, որ այլ հանգամանքների մասով խոսել չի  կարող։

Ինչ վերաբերում է բնակչուհու՝ ԱԱԾ  հրավիրված լինելուն,  ԼՂՀ ոստիկանության աշխատակիցը նշեց, որ այդ հարցին պատասխանելն իր տիրույթում չէ։

ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրուցում չբացառեց, որ Լուսինե Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ։

«Բա, իհարկե, հրավիրել պետք է։ Ո՞նց կարող է նման բան չլինի։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, սա Ադրբեջանը չէ, որտեղ ձերբակալեն, սպանեն մարդկանց»։

Դավիթ  Բաբայանի դիտարկմամբ՝ ստահոդ հրապարակումներով Ադրբեջանը  փորձում է  մեր ժողովրդի մեջ հարցեր առաջացնել, բայց միևնույն է այդպիսի քաղաքականությամբ    տապալվում է։

Հիշեցնենք, որ Լուսինե Ներսիսյանը լայն հանրությանը հայտնի դարձավ ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցով, որում Հայաստանին օկուպանտ էր անվանել, այնուհետ էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, թե 21-րդ դարում չպետք է էլի զոհեր տանք ու հայ մայրերը չպետք է սևազգեստ լինեն:

Ավելի ուշ նա այդ գրառումը հեռացրել է ու «Էրգրի» մասին հայրենասիրական ինչ-որ բանաստեղծություն գրել:

Նշենք, որ աղջկա հետ հարցազրույցը վարել է ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանը, ով առաջինն էր, որ փախավ Բաքու` ընտանյոք հանդերձ: