Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Կադիրովը գրկած ման տալիս Գալուստյանին (տեսանյութ)
Ռուսական life.ru կայքը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է հայ սիրված շոումեն Միխայիլ Գալուստյանի՝ «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ ունեցած հայտնի ելույթից առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ արված փորձի ժամանակ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Կադիրովը կատակով իր գիրկն առնում Գալուստյանին ու, հումորիստին գրկած, առաջ շարժվում:
Հետաքրքրական է, որ Կադիրովին նմանակելու ելույթից առաջ հումորիստն ու չեչեն ղեկավարն արել են ընդամենը 2 փորձ, որից մեկի տեսագրությունը երեկ հայտնվել էր համացանցում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում Գալուստյանը կարդում է չեչեն ղեկավարին նմանակելու ելույթի նախապես գրված տեքստը՝ մինչդեռ Կադիրովը նրան լսում է ու մերթընդմերթ ծիծաղում:
Գալուստյանի նմանակումը դարձել էր «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) հոբելյանական երեկոյի ամենահիշարժան պահերից մեկը:
«Ես ու Միխայիլ Գալուստյանը երկու փորձ ենք արել, հագուստ ընտրել, երկու-երեք ժեստ սովորել: Ակցենտի հետ ամեն ինչ կարգին է եղել: Այս հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որ չստիպի հանդիսատեսին լարվել՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում (կատակում եմ): Շատ լավ է ստացվել»,-ելույթից հետո VK սոցցանցի իր էջում գրել էր Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարը ասել էր նաև, որ ինքը սրտանց ծիծաղել է. «Կապ չունի՝ ում գաղափարն էր. Գալուստյանը կարճ, բովանդակալից, լակոնիկ և պարոդիկ է եղել»:










