Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 13 զինծառայող (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ընթացքում մահացել է 13 զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ վիրավորվել է 48 մարդ։
Ավելի վաղ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնել էր 9 զինծառայողի մահվան մասին: Reuters-ը հաղորդել էր հարձակման հետևանքով ավելի քան 25 տուժածի մասին:
Թուրքական «Հաբեր Թյուրք» կայքի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում պայթեցված հասարակական ավտոբուսի մեջ գտնվել են նաև քաղաքացիական հագուստով զինվորականներ: Վերջիններս հատուկ թույլտվությամբ դուրս էին եկել զորամասերից՝ առևտրի նպատակով:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք են սահմանել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի առիթով հատուկ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում Անկարայի Էսոնբողա օդանավակայանում, որտեղից պետք է գործուղման մեկներ Մարաշ։













