Անկարայում ՌԴ դեսպանը սպանվել է. ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունը (տեսանյութեր, թարմացված)

20:42 • 19.12.16

06.23

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Անկարայում գտվող ԱՄՆ դեսպանատուն, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել նրան և կալանավորել, հաղորդում է Daily Sabah պարբերականը:

01.01

Թուրքիայում ձերբակալել են Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձ իրականացրած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշի մորն ու քրոջը: Այս մասին հայտնում է CNN Turk պարբերականը:

21:36

Անկարայում ՌԴ դեսպան Ադրեյ Կառլովը ստացած վնասվածքներից մահացել է։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն

_____________________________________________________________________

21։17 

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձ իրականացրած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով NTV թուրքական հեռուստաալիքը:

Դեսպանի վրա կրակողը, ըստ նախնական տեղեկատվության, շենք է մտել ցույց տալով ոստիկանական անցագիրը։ Նա եղել է սև կոստյումով, և ականատեսները նրան թիկնապահ են կարծել. հաղորդում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։

Ականատեսների վկայությամբ՝ հրաձիգը նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել է դեսպանին։ Նա Հալեպի մասին ինչ-որ բաներ է բղավել և հայտարարել, որ ցուցասրահի դահլիճից իրեն կկարողանան դուրս բերել միայն սպանելուց հետո։

 

Նշվում է, որ զինված անձը ներխուժել է պատկերասրահի տարածք, որտեղ անցկացվելիս է եղել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը: 

Լրատվամիջոցների փոխանցմամբ` նրանից բացի ևս 2 մարդ է վիրավորվել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ դեսպանին հոսպիտալացնելու մասին տեղեկությունը չի հաստատվել: Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում տեղում:

NTV-ի տվյալներով` դեպքի վայր է ժամանել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:

_________________________________________________________________________________

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի նկատմամբ իրականացված մահափորձի մասին: Այս մասին հաղորդում է  մասնավորապես CNN Türk հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդվում է, գործչի վրա կրակել են: Թուրքական NTV հեռուստաալիքի հաղորդավարը հայտնել է, որ դեսպանը ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Աղբյուրի տվյալներով` դեսպանից բացի ևս մի քանի մարդ է վիրավորվել:

Hurriyet Dail News-ի տվյալներով` Կառլովը վիրավորվել է պատկերասրահում ելույթ ունենալիս: