Մերկելը Բեռլինում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է:
Ինչպես նշում է meduza.io կայքը, Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, հրշեջներին ու ոստիկաններին, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին:
Կանցլերն ընդգծել է, որ հանցագործությունը կարժանանա օրենքի սահմաններում ամենախիստ պատժին և որ պատասխանատվության են ենթարկվելու բոլոր կազմակերպիչները:
«Նույնիսկ եթե նման պահին դա դժվար է, այնուամենայնիվ, մենք մեր մեջ ապրելու ուժ կգտնենք, քանի որ ցանկանում ենք ապրել ազատ ու բաց Գերմանիայում»,-ասել է Մերկելը:
Կանցլերը նաև հավելել է, որ եթե հաստատվի ահաբեկչությունն իրականացնողի՝ փախստականի կարգավիճակ ունենալու փաստը, ապա դա լուրջ հարված կլինի բոլոր նրանց, ովքեր օգնում են փախստականներին և ովքեր ուզում են ինտեգրվել գերմանական հասարակությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան ծագումով պակիստանցի տղամարդը Scania բեռնատարով մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք:










