Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով չեղարկվել և հետաձգվել է մոտ 55 չվերթ

14:58 • 21.12.16

Դեկտեմբերի 21-ին մոսկովյան օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով մոտ 30 չվերթ է չեղարկվել, ևս 25 չվերթ հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Яндекс.Расписания պորտալին:

Կայքը գրում է, որ տեղեկությունների հրապարակման պահին «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 16 և հետաձգվել 8 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 12 և հետաձգվել 17 չվերթ: «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ «Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգվել է Մոսկվա-Դուշանբե չվերթը` եղանակային պայմանների հետ կապ չունեցող պատճառներով: