Դեռ քննարկում ենք. Նվեր Մնացականյանը` «Կենտրոն» ՀԸ-ում հաղորդում վարելու մասին
«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելուց հետո մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրան փոխարինելու է հաղորդավար Նվեր Մնացականյանը։
Վերջինս Tert.am -ի հետ զրույցում մասամբ հաստատեց այդ տեղեկությունը:
«Պետրոսի հաղորդումը իր հաղորդումն է, եթե ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում հաղորդում վարեմ դա կլինի իմ հաղորդումը: Դեռ քննարկում ենք, աշխատանքային որոշակի պայմաններ քննարկել ենք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկության «Քաղաքացիական ակտիվ քայլ» դեռ չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։
Ըստ որոշ տեղեկությունների` Նվեր Մնացականյանի այլընտրանքը հաղորդավար, Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանն է, սակայն վերջինս հերքեց լուրն՝ ասելով.« Ես իմ սեփական հաղորդումն ունեմ, ինչ գործեմ ունեմ ուրիշի հաղորդման հետ, ընդ որում, նոր պրոեկտ եմ անում` «Հայելին ձեր տանը»»:










