Որպես սկզբունք պետք է ընդունենք՝ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. Կիրո Մանոյան

13:40 • 26.12.16

 

Որպես սկզբունք պետք է ընդունենք, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի զարգացումներին:

«Պետք է պատրաստվել շփման գծով և երկայնքով, բայց ոչ միայն, որովհետև նախ ներսում պետք է լինի այդ ուժը ու միասնությունը, ապա՝ անհրաժեշտ քայլերն ուղղել շփման գծի երկայնքով: Այնպես որ, թեև ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմ, բայց հավանականությունն այդքան մեծ չէ, որովհետև Ադրբեջանն ապրիլին տեսավ, թե իր նման ոտնձգություններն ինչ պատասխանի կարժանանան։ Չմոռանանք, որ Ադրբեջանը վազեց Մոսկվա, որ զինադադար հաստատվի»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ որքան պատրաստ լինենք, այդքան փոքր կլինի պատերազմ սկսելու հավանականությունը:

Կիրո Մանոյանի խոսքով՝ եթե բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չգործադրվեն՝ արդեն անիմաստ կլինի մյուս բաներից խոսել: Իսկ հիմնական խախտողն, ըստ նրա, Ադրբեջանն է: «Ադրբեջանը միշտ դժգոհ է, բայց եթե բանակցություններում որևէ բան պետք է փոխեն, դա կլինի նրա համար, որ գոհացնեն Ադրբեջանին և ոչ թե ՀՀ-ին։ Բայց չեմ կարծում, որ երկու տարում լինեն փոփոխություններ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը դեմ է առաջարկներին, և փոփոխության գնալը չպետք է լինի ինքնանպատակ:

Դրան զուգահեռ,ըստ Մանոյանի, մի քիչ ակտիվություն կլինի միջնորդ պետությունների կողմից՝ հաշվի առնելով այն, որ եռամսյակի ավարտին խորհրդարանական ընտրություններ են: «Կարծում եմ՝ եկող տարվա առաջին կեսին մեծ զարգացումներ պետք չէ ակնկալել, բայց  հիմքեր կան ենթադրելու, որ տեղի կունենան աշխույժ բանակցություններ»,- ասաց նա:  

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Լևոն-Տեր Պետրոսյանի ելույթին և խաղաղության հասնելու համար զիջումների գնալու առաջարկին: Ըստ Մանոյանի՝ ՀՅԴ-ի տեսակետը հստակ է՝ ո՛չ առաջին նախագահի, ո՛չ երրորդ նախագահի մոտեցումներին համաձայն չեն: «Տեր-Պետրոսյանի դիտարկումը ճիշտ չէ, որ սեղանին  97-98թ-ի առաջարկն է, երկու դեպքում էլ մենք դեմ ենք՝ և՛ ներկայի, և՛ 97-98թթ-ի առաջարկածին։ Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջում հայկական կողմից ոչ միայն անորոշ է, այլ վտանգավոր է»,-ասաց նա:

Մանոյանի խոսքով՝ բանակցությունները պետք է այնպես անցկացվեն, որ ի վերջո փոխզիջում տեղի ունենա, որը կլինի համարժեք և միաժամանակյա:

 

Որպես սկզբունք պետք է ընդունենք՝ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. Կիրո Մանոյան