Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին ծեծել են՝ «հայի ծնունդներ» ասելով

10:40 • 26.12.16

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր «Բիրգյուն» շաբաթաթերթի պատասխանատու Մահիր Քանաաթը, «Դիքեն» լրատվական կայքի խմբագիր Թունջա Օղրեթենը, լրագրող Մեթին Յոքսուն և «Դիհաբեր» կայքի խմբագիր Օմեր Չելիքը: 

Ոստիկանության հատուկջոկատայինները ներխուժել են Ստամբուլում և Դիարբեքիրում նրանց տները, հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ հատուկջոկատայինները «Դիհաբեր»-ի խմբագիր Չելիքի հանդեպ ուժ են կիրառել, զենքով սպառնացել են նրա մորն ու կնոջը, իսկ Չելիքին անպատվել՝ «հայի ծնունդ» ասելով: 

«Դու լուրեր ես գրում, հա՞: Դե հիմա գրիր տեսնենք, դուք հայի ծնունդներ եք, դե գրիր տեսնենք», - ասել են հատուկջոկատայիններն ու մի քանի անգամ հարվածել խմբագրին: 

Չելիքի գործով դատավարությունը գաղտնի կպահվի ԶԼՄ-ներից: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ էին իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: