Տու-154-ի զոհերից մի քանիսին գտել են փրկարար բաճկոններով. հայտնաբերվել է նաև օդանավի ֆյուզելյաժը
Սև ծովում իրականացվող որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նախօրեին կործանված Տու-154 օդանավի ուղևորներից մի քանիսի դիերը՝ փրկարար բաճկոններով: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ սեփական աղբյուրին հղումով:
Լրատվական գործակալությունը նաև հավելում է, որ ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են օդանավի ֆյուզելյաժը, որն ափից գտնվում է մոտ 1.3 կմ հեռավորության և 27 մ խորության վրա:
Հայտնի է, որ ջրասուզակները հայտնաբերել են 4 բեկոր, որոնցից մեկն ունի մոտ 4մ երկարություն: Նշվում է, որ ներկայում քննարկվում է բեկորները լողացող ամբարձիչ կռունկի միջոցով ցամաք հանելու հնարավորությունը:
Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:
«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:
Հայտնի է նաև, որ Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխել է Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները:










