Ռուս սենատորն ուղիղ եթերի ժամանակ դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետին՝ Տու-154-ի զոհերի հիշատակը չհարգելու համար (տեսանյութ)

15:15 • 28.12.16

Ռուսական Առաջին ալիքի «Время покажет»՝ «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ սենատոր Ֆրանց Կլինցևիչը ստուդիայից դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Տրյուխանին, որը հրաժարվել է կանգնել Տու-154 օդանավի վթարի զոհերի հիշատակը հարգելու համար:

Lenta.ru-ի հաղորդմամբ` զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռություն է հայտարարել «Антивойна» («Հակապատերազմ») հասարակական շարժման ղեկավար Վիկտորիա Շիլովան:

Նշվում է, որ բոլոր ներկաները, բացառությամբ Տրյուխանի, ոտքի են կանգնել: Երբ նրան մոտեցել է զայրացած Կլինցևիչը, քաղաքագետն ասել է, որ ինքը չի լսել Շիլովային և «չգիտի` ինչի մասին է նա խոսում»: Արդյունքում սենատորը դուրս է հանել նրան, սեղմել հաղորդավարի ձեռքն ու վերադարձել իր տեղը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 25-ին Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: