Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պլանը

13:56 • 28.12.16

Հալեպի արևելքում հաստատված զինադադարից և քաղաքից զինված գրոհայինների ու նրանց ընտանիքների դուրսբերման գործողության ավարտից հետո Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատման շուրջ, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Պատմական որոշումը վերաբերելու է Սիրիայի բոլոր այն տարածքներին, որտեղ դեռ շարունակում են պատերազմել սիրիացի ընդդիմադիրների և Սիրիայի բանակի ուժերը: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներն ընդհանուր հայտարարագիր են ստորագրել, որով պարտավորվում են հարգել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն են տալիս Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասցման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպես նաև դրական գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն են հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր: