Զարուհի Փոստանջյանն այս Ամանորը ոչ թե նախորդի պես Ազատության հրապարակում ոստիկանների ու ընկերների հետ է անցկացրել, այլ տանը
Լուսանկարը՝ Իրավաբան.net կայքից
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս Ամանորը նշել է ընտանիքի հետ: Սակայն այս տարին տարբերվել է նախորդներից. նրա մեծ դուստրերը Նոր տարին դիմավորել են արտերկրում, քանի որ սովորում են, և կվերադառնան միայն քննություններից հետո:
«Անցյալ տարվա Ամանորը մենք ամբողջ ընտանիքով նշեցինք Ազատության հրապարակում, այնտեղ էին իմ հարազատ ընկերները` Սասնա ծռերի անդամները, այնտեղ էին ոստիկանները, միասին, ինչ-որ այդ կերպ ստացվեց»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս տարի տանն է անցկացրել։
Ամանորի եռուզեռի մեջ պատգամավորը հասցրել է տոնական սեղան պատրաստել, նվերներ գնել, սակայն տոնածառ զարդարելը վստահում է ամուսնուն ու երեխաներին:
2017 թվականի համար Զարուհի Փոստանջյանի մաղթանքն է, որ բոլորը, ովքեր գտնվում են անազատության մեջ, լինեն իրենց ընտանիքների հետ, հատկապես նրանք, ովքեր հանիրավի են գտնվում:
«Մաղթանքս է, որպեսզի հաղթահարենք ամբողջ քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որի մեջ ենք, ու հիմնադրենք այնպիսի քաղաքական համակարգ, որը կծառայի մեր ժողովրդին»,- ասաց նա։
Նելլի Լազարյան










