Մեր տանը գերծանրաբեռնված, անշնորհք սեղանները չեք տեսնի, ես քաղցր սեղան եմ նախընտրում. ինչպես է Ամանորին պատրաստվում Մարգարիտ Եսայանը (տեսանյութ)

13:04 • 04.01.17

Ամանորը իմ ամենասիրելի տոներից է: Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Վերջինս նշեց, որ այս նոր տարին իր համար նախորդներից տարբերվում է, որովհետև առաջին անգամ է, որ նշում են իրենց նոր առանձնատանը:

«Արտառոց կերպ չենք դիմավորում, նշում Նոր տարին: Սիրում եմ միրգ, չրեղեն, խմորեղեն դնել սեղանին: Դա ավելի շատ եմ սիրում: Աղցաններ չեմ սիրում, վախենում եմ, ուզում եմ՝ սեղանին թարմ բանջարեղեն լինի»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

Իսկ պատրաստելիս գաղտնի բաղադրատոմս ունի՝ ամեն ինչ սիրով է անում: «Նույնիսկ վերմիշելով փլավը, երբ պատրաստում եմ, շատ համեղ է լինում, որովհետև սիրով եմ պատրաստում»,- ասաց պատգամավորը:

Վերջինս խոստովանեց, որ ամանորյա տոներին գերծանրաբեռնված սեղաններ չի սիրում: «Մեր տանը, մեր հարազատների տանը երբեք այդ գերծանրաբեռնված սեղանները չեք տեսնի, անշնորհք սեղաններ են, որոնց ամաչում ես նայել: Նման սեղաններից օգտվել չի լինում: Ամեն ինչ պետք է թեթև լինի, չէ՞որ կարևորը՝  տրամադրությունն է»:

Իսկ Ձմեռ պապիկից պատգամավորը հավաստիացրեց, որ մանդատ չի ցանկանում. «Ուզում եմ բոլոր երեխաների ցանկությունները իրականանան, խաղաղություն եմ մաղթում՝ հոգիներին, սահմաններին, բոլորիս տներում: Բոլորը, ինչպես ես, Ամանորի հետ հույսեր են կապում, մտածում են, որ իրենց կյանքում փոփոխություններ կլինեն, երազանքները կկատարվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։